
Պետք է լրջորեն վերանայվի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ընտրական մեթոդոլոգիան. Մամեդյարով

Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։
Վերջինս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակին՝ դարձյալ հայտարարելով, որ «Հայաստանը տարբեր սադրիչ գործողություններով նպատակ ունի վնասել բանակցային գործընթացին ու պահպանել գոյություն ունեցող ստատուս-քվոն»:
Մամեդյարովը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր անդամների կողմից ակտիվության կարևորությունը:
Վերջինս նաև ընդգծել է, որ հարկավոր է կատարելագործել ԵԱՀԿ-ն ու նրա կառույցները, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ը: Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հայտարարությունը հակասում է ԺՀՄԻԳ-ի մանդատին, ու որ բյուրոն պետք է լրջորեն վերանայի կիրառվող ընտրական մեթոդոլոգիան։
Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձևին, Մամեդյարովը ասել է, որ այդ «անհիմն ու կանխակալ» բանաձևով Եվրոպական խորհրդարանի «որոշ ուժեր հարված են հասցնում» Եվրամիության ու Ադրբեջանի հարաբերություններին։