![](/banners/BeFunky-design.jpg)
Հրաժարվել «լեշային» հռետորաբանությունից. «Առավոտ»
![](https://168.am/wp-content/uploads/2012/12/Aravot.jpg)
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք լրագրողական (քաղաքական, քարոզչական) կարծրատիպերի, շտամպների, որոնք, իհարկե, մտածողության կարծրատիպերի արտացոլումն են: Դրանց մի մասը «ազգային-հայրենասիրական» բնույթի է. որոշները վերաբերում են բուն պատերազմին: Հակառակորդի զինվորներին, իհարկե, պետք է ոչնչացնել՝ այլ լեզու հարեւան երկրի ղեկավարությունը, ցավոք, չի հասկանում: Բայց ես դեմ եմ նրանց սպանված զինվորներին բնութագրել «սատկած լեշեր» եւ նման արտահայտություններով: Ինձ թվում է՝ մարդկային կյանքի նսեմացումը, անկախ այդ մարդու ազգությունից ու կատարած արարքներից, ի վերջո տարածվում է ամբողջ մարդկության վրա, այդ թվում՝ նրանց վրա, ովքեր քո տեսանկյունից ճիշտ են, կամ՝ նրանց, ովքեր քեզ համար թանկ են: Ինչ խոսք, հանցագործին պետք է սահմանափակել: Նրանք, ովքեր սպանում են մեր զինվորներին եւ խաղաղ բնակիչներին, հանցագործներ են: Իդեալական կլիներ, իհարկե, նրանց ձերբակալել եւ ազատազրկել:
Սակայն դա տեխնիկապես հնարավոր չէ, հետեւաբար նրանց պետք է սպանել: Բայց ատել այդ մարդկանց… Հանցագործությունն, անշուշտ, ատելի է, իսկ մարդը, որեւէ մարդ չպետք է ատելի լինի: Որեւէ մարդու մահ չպետք է հրճվանքի առարկա դառնա՝ նույնիսկ այն դեպքում, եթե այդ մահով դու վաստակում ես քո ապրելու իրավունքը: Ուստի ես առաջարկում եմ հրաժարվել այդ «լեշային» հռետորաբանությունից, եւ հակառակորդի կորուստների մասին խոսել զուսպ՝ չմոռանալով, որ խոսքը բոլոր դեպքերում մարդկային զոհերի մասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: