«Հայոց Արծիվների» հերթական ռազմահայրենասիրական միջոցառումը` կրակային պատրաստվածության տեսքով

Հայոց անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահությունը Կազմակերպության առաջնորդ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ և Երևան քաղաքի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող թվով 300 ուսանողների հետ միասին հյուրընկալվել էր 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարան՝ ուսանողների կրակային պատրաստվածությանը նվիրված միջոցառում կազմակերպելու համար:

Ռազմահայրենասիրական միջոցառումը սկսելուց առաջ, Խաչիկ Ասրյանի առաջարկությամբ, լռության րոպե հայտարարվեց՝ հայոց ցեղասպանության զոհերի և հայրենիքի ծառայության համար մարտիրոսված հայոց զինվորականների հիշատակը հարգելու համար: Զորավարժարանում կրակային միջոցառումից առաջ հնչեցին հայոց անկախության 24-րդ տարեդարձին նվիրված շնորհավորական ելույթներ: (Խոսք՝ Խաչիկ Ասրյան. «Պաշտպանության նախարարության 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, հարգարժան գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան, հայոց ազգային բանակի հարգարժան զինվորականներ, հայոց անկախության ազնվագույն սերունդ, Լեռնահայաստանի հերոսամարտը հաղթանակած զորավար Գարեգին Նժդեհը պատգամում էր.

«Երիտասարդությունը լեռներից իջնող ամեհի մի հեղեղ է, որ կարող է և՛ օրհնաբեր լինել, և՛ ավերիչ»: Դո՛ւք եք օրհնաբեր սերունդը, արցախյան հերոսամարտ հաղթանակած քաջորդիների զավակներ: Այո՛ դուք եք, որովհետև դո՛ւք եք, կարողանալու արտաքին վտանգների ժամանակ ձեռքներդ դնել խղճներիդ և ասել. «Ես քո կենդանի սուրն եմ հայրենիք, որ քեզ հաղթություն պիտի բերի…», և այդ հաղթությունը դո՛ւք եք բերելու ձեր ընտանիքի, հայրենիքի համար…»: Ուղիղ 24 տարի է, Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող անպարտելի հայ ժողովուրդը մեծ հպարտությամբ տոնում է հայոց Անկախության տարեդարձը, Անկախություն, որը յուրաքանչյուրիս համար դարձավ բացարձակ արժեք այնպես, ինչպես ծնողը, ընտանիքը, Հայրենիքը:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ բոլորիդ՝ Հայոց Անկախության 24-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց հայրենատեր զավակներ, միշտ գիտակցեք, որ դո՛ւք եք հաղթանակած պետության, հաղթանակած բանակի հաղթանակած քաղաքացին և զինվորը: Միշտ գիտակցեք, որ երիտասարդությունը ազգային գաղափարախոսության կրողն է, իսկ ազգային գաղափարախոսությունը՝ ազգային պետականության հիմնասյունը: Միշտ գիտակցեք, որ Ձեր անձնական շքեղությունը հայոց հզոր պետականությունն է, միշտ գիտակցե՛ք, որ մենք՝ հայերս, սրբազան պարտք ունենք կատարելու Աստծո առջև՝ անընդհատ հզորացնել  հայկական բարձրավանդակը՝ կառուցելով մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստան:

Աստված պահապան Ձեզ և հայոց անկախ պետականությանը:
Կեցցե՛ք դուք,
Կեցցե՛ հայոց ազգը,
Կեցցե՛ հայոց հայրենիքը,
Կեցցե՛ հայոց անկախ պետականությունը»:  

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 5-րդ բանակային զորամիավորման զորավարժարանում կազմակերպած հերթական ռազմահայրենասիրական միջոցառման ընթացքում Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական միջոցառմանը լրջագույնս աջակցելու համար:

Խաչիկ Ասրյանը խորին շնորհակալություն և երախտագիտություն հայտնեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին՝ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ռազմահայրենասիրական բոլոր միջոցառումներին լրջագույնս աջակցելու համար:

Ելույթից հետո զորավարժարանում տեղի ունեցավ կրակային պատրաստվածություն՝ յուրաքանչյուրը ինքնաձիգով կրակելով 10 մարտական փամփուշտ:

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողով

  

Տեսանյութեր

Լրահոս