Առանց ձեռքի թաթիկների և ոտնաթաթի ծնված երեխան արդեն ծնողների հետ է. news.am
«Մալաթիա» բժշկական կենտրոնում անցած տարվա աշնանը առանց ձեռքի թաթիկների եւ ոտնաթաթի ծնված փոքրիկ Ռաֆայելը արդեն ծնողների հետ է: Այս մասին NEWS.am-ին հայտնել են «Բարի մամա» հասարակական կազմակերպությունից:
«Վերջապես ամեն ինչ ընկավ իր տեղը: Եվ զուր էին բժիշկների եւ վատը կամեցող մարդկանց ջանքերը: Ի վերջո փոքրիկը վերադարձավ ընտանիք: Երբ Ռաֆուլը ծնվեց, երբ ծնողներին այդքան կարեւոր էր զգալ, որ իրենք միայնակ չեն եւ կարող են հաղթահարել այս փորձությունը, օգնելու փոխարեն բժիշկները հորդորել են թողնել երեխային՝ բացատրելով, որ իրենք չեն կարող հոգ տանել փոքրիկի մասին: Երբ մայրիկն անգիտակից վիճակում էր, իսկ հայրիկը իրեն անզորությունից կորցրել էր, Հիպոկրատի երդում տված մարդիկ հորդորում էին գնալ ամենավատ քայլին: Հետո փոքրիկի ծնողները մեկնել են Ռուսաստան բուժվելու: Այդպես էլ չիմանալով, թե ինչ աղմուկ է բարձրացել: Սակայն երբեք իրենց չեն ներել եւ անընդհատ մտածել են Ռաֆայելի մասին»,- ասել են կազմակերպությունից:
Ռուսաստանից վերադառնալուն պես Ռաֆայելի ծնողները գնացել են մանկատուն՝ փոքրիկին տեսնելու, սակայն նրանց թույլ չեն տվել ներս մտնել: Այնուհետեւ նրանց օգնել է «Բարի մամա» կազմակերպությունը, որի շնորհիվ երեխան արդեն տանն է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: