Ավետիսյանների սպանության պատճառը պա՞րզ է

Մինչ այժմ կարծես թե գնահատական չի տրվել՝ արդյոք Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարե՞լ է, թե՞ ոչ:

Նախաքննության ավելի վաղ փուլում սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու հատկանիշներով քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացվել էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի կողմից. Քննչական կոմիտեն, սակայն, ի պատասխան միջնորդության, հայտնել էր, որ Վ. Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու դրվագով քրեական գործի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, և համապատասխան հիմքեր ձեռք բերելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան կկայացվի ՀՀ ՔՕ 329-րդ հոդվածով (պետական սահմանն ապօրինի հատելը) գործ հարուցելու, քրեական հետապնդում հարուցելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում:

Այս անգամ պատասխանելով մեր հարցին` արդյոք գնահատական տրվե՞լ է՝ Վ. Պերմյակովի կողմից կատարվե՞լ է սահմանն ապօրինի հատելու փորձ, և արդյոք ՌԴ-ի Քննչական կոմիտեի վարույթում քննված գործի նյութերի հետ ստացվե՞լ են երեք հեռախոսները (դրանք ձերբակալման պահին եղել են Վ. Պերմյակովի մոտ), դրանք ներկայացվե՞լ են ճանաչման տուժողների իրավահաջորդներին, հայտնել են, որ նախաքննության այս փուլում հնարավոր չէ մանրամասներ հայտնել:

«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեր կողմից բարձրացված հարցադրումների վերաբերյալ, նախաքննության այս փուլում, քննության շահերից ելնելով, հնարավոր չէ մանրամասներ հրապարակել»,- ասված է ՔԿ պատասխանում:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանի հետ:

– Ավետիսյանների սպանության դեպքից 9 ամիս է անցել: Այս ժամանակը բավարա՞ր էր՝ գնահատական տալու համար Վ. Պերմյակովի գործողություններին:

– Կարծում եմ, որ այս ժամանակը բավարար էր, որպեսզի այդ հարցն արդեն իսկ լուծում ստանար, որովհետև, որքան մենք հասկանում ենք, արդեն նախաքննությունն էլ մոտենում է իր ավարտին, և պետք է նաև գնահատական տրվեր այդ կապակցությամբ, որպեսզի նաև դա ներառվի կամ չներառվի մեղադրանքի ծավալում:

– Սահմանն ապօրինի հատելու փորձի դիտավորությունը Ձեզ համար ակնհա՞յտ է, թե՞ ոչ, եթե հաշվի առնենք նաև ռուսական կողմում կայացած դատավարության ընթացքում հրապարակված ցուցմունքն այն մասին, որ Վ. Պերմյակովը ցանկացել է հատել սահմանը:

– Քանի որ մենք ծանոթ չենք քրեական գործի բոլոր նյութերին, իմ կողմից հիմա սխալ կլիներ ասել, որ դա ակնհայտ է կամ ոչ: Համենայն դեպս, այն բոլոր հրապարակումները, որոնք եղան ռուսական կողմում, ինչպես նաև` դատավարության ընթացքը ցույց տվեցին, որ կարծես թե ապացույցներ կան, որոնք բավարար են նրան նաև այդ մեղադրանքն առաջադրելու համար:

– Իսկ տեսնո՞ւմ եք որևէ պատճառ, թե ինչու այս ընթացքում նախաքննական մարմնի կողմից գնահատական չի տրվել այդ հարցին:

– Ճիշտն ասած՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ: Համենայն դեպս, միգուցե դա կապված է նրա հետ, որ այդ հարցը բարձրացնելիս պետք է տրվեր նաև այն հարցի պատասխանը, թե ինչպես է Պերմյակովը հայտնվել ռուսական կողմում: Կարծում եմ՝ այս հարցի պատասխանն է, որ խանգարում է, և մինչ օրս նրանք չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ անեն այդ հարցի հետ և ինչպես պետք է պատասխանեն այն հարցին, թե Պերմյակովը, եթե սահմանը հատելիս է եղել, և այլն, ինչպե՞ս է հայտնվել ռուսական կողմում:

– Իսկ նախաքննությունն իրականացնող մարմինը քննո՞ւմ է հարցը, թե ինչպես է Վալերի Պերմյակովը ռուսական կողմում հայտնվել:

– Համենայն դեպս, գործի ընթացքով այդ բոլոր հանգամանքները պետք է պարզվեին, և, քանի որ մենք գործի բոլոր նյութերին ծանոթ չենք, չենք կարող ասել, թե նախաքննական մարմինը, վերջին հաշվով, ունի՞ այդ հարցերի պատասխանը, թե՞ ոչ: Այդուհանդերձ, եթե գործն ամբողջությամբ քննվի, ամբողջությամբ գործի քննության արդյունքում վերջնականապես պետք է պարզվեն այդ բոլոր հանգամանքները:

– Իսկ սպանության գործով նախաքննությունն ի՞նչ փուլում է: Դեռ ի՞նչ գործողություններ ունի անելու նախաքննական մարմինը:

– Մենք ծանոթ չենք գործի նյութերին, չեմ կարող ասել: Մենք միայն փորձաքննությունների մասով կարող ենք ասել, որ դեռևս կան նշանակված փորձաքննություններ, որոնց եզրակացությունները չեն ստացվել: Նաև կատարվել է հագուստի ճանաչման գործողություն, իսկ թե այլ ինչ գործողություններ ունեն անելու, չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չենք նյութերին:

– Երբ դեպքը նոր էր տեղի ունեցել, տեղեկություններ կային այն մասին, որ Պերմյակովն Ավետիսյանների բնակարան տաքսիով է հասել: Նախաքննության ընթացքում հերքվել կամ հաստատվե՞լ է այս հանգամանքը, տեղեկություն կա՞ դրա վերաբերյալ:

– Չեմ կարող ասել, որովհետև մենք ծանոթ ենք միայն փորձաքննությունների եզրակացություններին և նաև փորձաքննությունների նշանակման որոշումներին, որոնցով այդ հարցի պատասխանը չի երևում, որպեսզի ես կարողանամ այդ հարցի պատասխանը տալ:

– Այս պահի դրությամբ` տուժող կողմի համար պա՞րզ է կատարվածի պատճառը:

– Քանի դեռ նյութերին ծանոթ չենք, իհա՛րկե չենք կարող իմանալ՝ ինչպիսին է պատճառահետևանքային կապը:

Տեսանյութեր

Լրահոս