«Ադրբեջանն այսօր հյուծիչ պատերազմ է վարում». ադրբեջանագետ
«Որևէ կարևոր հանդիպումից, իրադարձությունից առաջ սահմանում լարված իրավիճակ է ստեղծվում: Սա երկու նպատակ է հետապնդում. ադրբեջանցիներն իրենց գործողությունները վերագրում են հայերին, ասում են, իբր հայերը խախտել են հրադադարի ռեժիմը, իրենք էլ պատասխանել են, որպեսզի մեզ սթափեցնեն: Երկրորդ՝ նրանց կարծիքով՝ սա որոշակի ճնշում է կարևոր իրադարձությունից առաջ, այսինքն՝ փորձում են որոշակիորեն ճնշում գործադրել Հայաստանի վրա»,- այսօրվա ասուլիսին անդրադառնալով սահմանային միջադեպերին՝ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Ադրբեջանագետի կարծիքով՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսվելու մասին խոսակցություններն ավելորդ են. «Ադրբեջանն այսօր հյուծիչ պատերազմ է վարում. լոկալ սահմանային բախումների միջոցով փորձում է անընդհատ լարված պահել սահմանամերձ բնակավայրերը, Հայկական զինված ուժերը, և այլն:
Որքանով այսօր տեղեկացա՝ մերոնք բավական լուրջ պատասխան են տվել հակառակորդին, պարզապես նմանատիպ գործողությունները շատ չեն հրապարակայնացվում, ասվում է այն, ինչ պետք է իմանա բնակչությունը:
Մեր ՊՆ-ն անտեղի հայտարարություններ չի անում, եթե անում է հայտարարություններ, նշանակում է՝ դրան հետևում են կոնկրետ գործողություններ: Մենք դրանով Ադրբեջանին ցույց ենք տալիս, որ ցանկացած դիվերսիա, ցանկացած միջադեպ ստանում է խիստ պատասխան, ընդ որում, ավելի խիստ, քան եղել է կոնկրետ միջադեպը»:
Ըստ նրա՝ Ադրբեջանի երիտասարդ սերունդը վտանգավոր է այնքանով, որ այլընտրանք չի տեսել, շփման փորձ չունի.
«Նա չի կարող հասկանալ, որ հայ երիտասարդն իր նման մսից ու արյունից կազմված մարդ է: Նրանց մոտ ինչ-որ միստիկ պատկերացումներ կան հայերի մասին: Նույնիսկ դպրոցական դասագրքերում ու հեքիաթի գրքերում, ֆիլմերում ու մուլտֆիլմերում հայը ներկայացվում է՝ որպես չարիք: Ատելությունը հայերի նկատմամբ սերմանվում է նրանց մեջ բավական փոքր տարիքից: Այս ամենը ծառայում է իշխող վարչակարգի կյանքը հնարավորինս երկարեցնելուն, որովհետև ցանկացած անհամաձայնություն, ցանկացած բողոք փորձում են ներկայացնել՝ որպես երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ»: