Ադրբեջանցիների արձագանքը Վահան Մարտիրոսյանի քայլին. այս մարդը գժվել է, որ փախչում ու մեզ մոտ է գալիս

«Մինչև Վահան Մարտիրոսյանի՝ այդ քայլին դիմելը, անձամբ ես և, համոզված եմ՝ շատ այլ մարդիկ, նրան պարզապես չէին ճանաչում: Սա նշանակում է, որ նման քայլը, բացի այլ նպատակներից, հետապնդում էր նաև որոշակի PR: Նրա փախչելու վերաբերյալ կարծիքները տարբեր են, բայց որքան հասկացա՝ նա այստեղ ինչ-որ մութ գործեր է արել, ինչ որ ֆինանսական մախինացիաների մեջ է եղել և, փաստորեն, փորձել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Ադրբեջանում հայտնված Վահան Մարտիրոսյանին՝ ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:

Ադրբեջանագետը նշեց, որ պետք չէ այդքան շատ անդրադառնալ այդ անձին.

«Բոլոր լրատվամիջոցներն այդ մասին խոսում են, և նրա անունը կարծես անընդհատ լինի օրակարգում: Ժամանակն է, որ նրա մասին այլևս չխոսենք: Նա իր խնդիրը կատարեց՝ գովազդվեց, և չի բացառվում, որ շուտով հայտնվի մի որևէ եվրոպական երկրում ու հանգիստ ապրի»:

Ս. Ասատրյանը ներկայացրեց նաև ադրբեջանական լրավամիջոցների անդրադարձը Վահան Մարտիրոսյանի արարքին.

«Քանի որ Ադրբեջանում լրատվամիջոցների մեծ մասը գտնվում է իշխանական բուրգի վերահսկողության տակ, բնական է, այս ամենն օգտագործեցին իրենց քարոզչական նպատակներով, այն է՝ Հայաստանում այնքան վատ է, որ մարդիկ փախչում են Ադրբեջան. սա ստանդարտ քարոզչական թեզ է: Սոցիալական տիրույթում մի փոքր այլ կարծիքներ նույնպես հնչեցին, կային այսպիսի շեշտադրումներ՝ այս մարդը գժվել է, որ փախչում ու մեզ մոտ է գալիս, կամ ասում էին՝ դավաճանը դավաճան է, անկախ նրանից՝ թշնամի՞ է, թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս