«Հակառակորդը լկտիացել է և մեզ պարտադրում է սողացող պատերազմի նոր փուլ». Ժիրայր Սէֆիլյան
Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ուղղաթիռի ոչնչացումից հետո համարժեք պատասխան չստանալով, հակառակորդը ավելի է լկտիացել և արդեն մեզ պարտադրում է սողացող պատերազմի նոր փուլ: Այդ մասին են վկայում Տավուշի մարզի գյուղերի գնդակոծության ծավալի և ինտենսիվության աճումը, մինչ այսօր թիրախ չդարձած Նոյեմբերյան քաղաքի գնդակոծումը, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհերի առկայությունը:
Սահմանային գոտու այս իրավիճակը, քրեական գործով մեղադրյալ, չհեռանալու մասին ստորագրություն տված տխրահռչակ Վահան Մարտիրոսյանի անարգել ելքը երկրից, ինչպես նաև մի շարք այլ հանգամանքներ ակնհայտորեն ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանը և նրա գլխավորած վարչախումբն արդեն կորցնում են պետության սահմանի կառավարումը:
Սակայն սահմանը կառավարումից դուրս մնացած միակ ոլորտը չէ: Սկիզբը եղավ աթոռը պահելու դիմաց արտաքին հարաբերությունների ոլորտի կառավարումը օտարին հանձնելը:
Հիմա արդեն գրեթե անկառավարելի է դարձել տնտեսությունը և հեռու չէ այն պահը, երբ մենք կհայտնվենք տնտեսական փլուզման վիճակում: Ամեն ինչ իր աթոռը պահելուն ծառայեցնող բանդայի այս պարագլուխն իր սակավ ռեսուրսները կենտրոնացրել է ներքին իրավիճակի կառավարումն իր ձեռքում պահելու վրա:
Սակայն պետությունն ամբողջական համակարգ է, ուստի այս ոլորտը ևս շուտով անկառավարելի կդառնա և մենք կհայտնվենք քաոսի մեջ: Իսկ ամենավտանգավորն այն է, որ սահմանի և թվարկված մյուս ոլորտների նկատմամբ կառավարման կորուստը հանգեցնելու է նաև բանակի կառավարման խաթարման, ինչի դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ: Իրադարձությունների զարգացման միտումները ցույց են տալիս, որ պետության համակարգային փլուզման գործընթացը շատ է արագանում, ուստի առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մենք պետք է կարողանանք համախմբվել ու տեր կանգնել մեր երկրին, հակառակ պարագայում աղետն անխուսափելի կլինի: Կրկին ստիպված ենք հորդորել մինչ աղետը սթափվելու և ընդվզելու կենսական անհրաժեշտության մասին, եթե չենք ուզում, որ պատմությունը կրկնվի 100 տարի առաջվա ցեղասպանության և հայրենազրկման սցենարով:
Կյանքը ստիպում է դադարեցնել մինչև 2017-2018 թթ. քաղաքական պլաններ կազմելու և ընտրությունների նախապատրաստվելու անհեթեթ ծրագրերը և օր առաջ միասնական ճակատով ձեռնամուխ լինել ազգադավ ու ապիկար վարչախմբին հեռացնելու և պետության կառավարումը ստանձնելու գործին: Բոլոր հարցերը լուծվելու են այս տարվա ընթացքում»: