Ռիչարդ Կոզլարիչն ու Դևիդ Կրամերը կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը և Freedom House կազմակերպության նախկին ղեկավար Դևիդ Կրամերը հանդես են եկել համատեղ հոդվածով, որտեղ ԱՄՆ-ի ու Եվրամիության ղեկավարությանը կոչ են անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, տեղեկացնում է haqqin.az-ը:

«Ադրբեջանում ակտիվիստների նկատմամբ գործադրվող ճնշումները դատապարտելու փոխարեն ԱՄՆ-ն երեք դեսպանորդ է ուղարկել Բաքու՝ հատուկ դեսպանորդ Ամոս Խոխշտեյնին, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդին ու ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Էվելին Ֆարքասին՝ քննարկելու էներգետիկայի, տրանսկասպյան ու անվտանգության հարցեր:

«Թեև մարդու իրավունքների հետ կապված վիճակն օրեցօր վատթարանում է, Ֆարքասը, հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանին անվանել է ԱՄՆ-ի ռազմավարական գործընկեր»,- գրում են հեղինակները:

Կոզլարիչի ու Կրամերի կարծիքով՝ խաղաղ դիվանագիտությունը չի գործում ու «խորը անհանգստության» մասին հայտարարությունները ոչ մի ազդեցություն չունեն: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը դիտվում են կարծես ԱՄՆ-ի աջակցության նշան ադրբեջանական իշխանություններին։

Նրանց կարծիքով՝ «տխուր, փակուղային իրավիճակը» պետք է արագ փոխվի, ինչի համար հարկավոր է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների դեմ, ովքեր ներգրավված են մարդու իրավունքների կոպիտ խախտումներում:

«Պետք է սկսվի զանգվածային կոռուպցիայի հետաքննություն, քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պետք է անցնեն գործողությունների»,- եզրակացնում են նրանք:

Տեսանյութեր

Լրահոս