13.000 դիտում. 200.000 դրամ տուգանք՝ Անժելա Սարգսյանի 4 լուսանկարները հրապարակելու համար
Ընդհանուր իրավասության դատարանի երեկվա վճռով՝ երիտասարդը մեղավոր է ճանաչվել առաջադրված մեղադրանքում: Նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 200 հազար դրամ:
Երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն պատկանող «www.hylike.ru» կայքում` «18+» անվանումով բաժնում, «Անժելա Սարգսյանի այն այլասեռված լուսանկարները, որը դեռ չեք տեսել /18++/» վերտառությամբ: //hylike.ru/?p=998 հղումով էջում տեղադրելու միջոցով տարածել է դերասանուհի Անժելա Սարգսյանի` համացանցի չափահաս օգտատերերի համար ազատ հասանելի թվով 4 պոռնկագրական բնույթի լուսանկարներ:
Ըստ դատարանի վճռի՝ մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել է, որ երիտասարդը «www.hylike.ru» կայքում «18+» անվանումով բաժնում «ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՆ ԱՅԼԱՍԵՌՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ, ՈՐ ԴԵՌ ՉԵՔ ՏԵՍԵԼ (18+)» վերնագրով նյութ է տեղադրել, որում առկա են եղել Անժելա Սարգսյանի մասնակցությամբ սեռական ակտերից հատվածներ պարունակող թվով 7 լուսանկարներ, որոնցից 4-ը՝ պոռնկագրական բնույթի, լուսանկարները հասանելի են եղել համացանցի ցանկացած չափահաս օգտատիրոջ համար: Լուսանկարները տեղադրվելուց հետո տարբեր անձանց կողմից դիտվել են շուրջ 13 հազար անգամ:
Ըստ դատարանի վճռի՝ ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունքներ տվեց այն մասին, որ 2015թ. հունիսի 19-ին իր «www.hylike.ru» կայքում «18+» անվանումով բաժնում «ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՅՆ ԱՅԼԱՍԵՌՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ, ՈՐ ԴԵՌ ՉԵՔ ՏԵՍԵԼ (18+)» վերնագրով նյութ է տեղադրել, որում առկա են եղել Անժելա Սարգսյանի մասնակցությամբ սեռական ակտերից հատվածներ պարունակող թվով 7 լուսանկարներ: Նշված լուսանկարներն ինքը համացանցում «Google» որոնողական ծրագրի միջոցով փնտրել և գտել է «www.haylike.ru» կայքում: Տեղադրված լուսանկարները հասանելի են եղել համացանցի ցանկացած չափահաս օգտատիրոջ համար: Իր կողմից տեղադրվելուց հետո պոռնկագրական բնույթի լուսանկարները դիտվել են շուրջ 13 հազար անգամ:
Կատարածի համար զղջացել է և դատարանից խնդրել իր նկատմամբ մեղմ վարվել:
Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը, խոստովանական ցուցմունքներ տալը, խնամքին մինչև տասնչորս տարեկան մեկ երեխայի առկայությունը, որպես անձը բնութագրող տվյալներ՝ նախկինում դատված կամ արատավորված չի եղել, խնամքին են մանկահասակ երեխան և ծնողները, մենատնտես է, զբաղվում է հողագործությամբ, բնութագրվում է դրականորեն: Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ դատաքննության ընթացքում չեն հայտնաբերվել:
Դատարանը հաշվի առնելով հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, այդ թվում` նրա գործողության վտանգավորության աստիճանը, նրա անձը, նրան բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև այն, որ կատարած հանցանքի համար ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված է պատիժ տուգանքի կամ կալանքի կամ ազատազրկման ձևով, գտել է, որ վերջինիս նկատմամբ պետք է նշանակել պատիժ տուգանքի ձևով: