Ինչի՞ն է սպասում «Ո՛չ թալանինը»
«Տրամաբանական չէր լինի, եթե «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այսօր ինչ-որ գործողություններ աներ՝ թե՛ հայտարարությունների, թե՛ ցույցերի, թե՛ երթերի տեսքով, որովհետև այն իրավիճակը, որն այսօր ստեղծված է (կառավարության մանիպուլյացիան՝ սուբսիդավորման տեսքով), ժողովրդի համար բավականին հարմար տարբերակ է՝ լուռ լինելու և սպասելու»,- պատասխանելով 168.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված «Ո՛չ թալանին» նախաձեռնության լռությունն այս շրջանում՝ նման տեսակետ հայտնեց նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ միևնույն ժամանակ կա բարձրաձայնված մի հարց՝ ՀԷՑ-ի վաճառքի հետ կապված, և իրենք շատերի հետ քննարկման արդյունքում հասկանում են, որ մարդիկ ունեն ակնկալիքներ. «Հիմա շատ անորոշ վիճակ է: Ամեն վայրկյան սպասում ենք ինչ-որ մի կոնկրետ քայլի կամ որոշման, որը կպայմանավորի մեր հետագա քայլերը»:
Սոֆյայի փոխանցմամբ՝ հիմա իրենք մասնագետների հետ քննարկում են, որպեսզի հասկանան՝ իրականում արվո՞ւմ է սուբսիդավորումը, թե՞ «սա նույնպես ինչ-որ թվային խաղ է». «Այս հարցերի պատասխանները, ինչպես նաև՝ ՀԷՑ-ի հետագա ճակատագրի և սեպտեմբերի վերջին սկսվելիք աուդիտի հետ կապված հարցերը, պետք է պատասխաններ ստանան, որովհետև այսօր ուղղակի աննպատակ կանգնել, ակցիա անել, էժանացնել այն գործողությունները, որոնք հետագայում կարող են լուրջ արդյունքների բերել, «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը չի պատրաստվում անել: Չկա լուրջ հիմք այս պահին, որը կարող է ժողովրդի համար հենք դառնալ պայքարելու համար»:
Մեր ճշտող հարցին, թե մինչև սեպտեմբերի վերջ որևէ ակցիա չե՞ք անելու, Սոֆյան պատասխանեց, որ ոչ մի բան այս պահին պլանավորված չէ:
Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նաև հայտարարել էր, որ միանալու է սահմանադրական բարեփոխումների դեմ տարվող պայքարին: Մեր այն հարցին, թե վաղը Գյումրիում սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիային «Ո՛չ թալանին»-ից անդամներ մասնակցելո՞ւ են, Ս. Հովսեփյանն այսպես պատասխանեց. «Գյումրիում կայանալիք ակցիային ես կարող էի մասնակցել, քանի որ այնտեղ գործեր ունեի, սակայն իմ պլանները փոխվել են, ես չեմ կարող մասնակցել, և կա տեղափոխման խնդիր»: Բայց նա կրկին շեշտեց, որ իրենք դեմ են սահմանադրական բարեփոխումներին:
Հիշեցնենք նաև, որ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը վերջերս հիմնել է «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը, որը հետագայում նախատեսվում է վերածել կուսակցության: Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ այդ նախաձեռնության մեջ հիմնականում ընդգրկված են քաղաքացիական հասարակության ակտիվ պայքարող շատ երիտասարդներ՝ տարբեր նախաձեռնություններից: Մենք Ս. Հովսեփյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք տեղյա՞կ է՝ «Ո՛չ թալանին»-ից ովքե՞ր են միացել այդ նախաձեռնությանը: Ի պատասխան՝ Սոֆյան ասաց. «Այս պահի դրությամբ՝ վստահեցնում եմ, որ չկան, ոչ էլ պատրաստվում ենք առաջիկայում նմանատիպ քայլերի, մանավանդ որ, «Ո՛չ թալանինն» ի սկզբանե որպես հիմք ընդունել է չկուսակցականացված գործողությունները, և մենք շարունակելու ենք այդ ընթացքով գնալ»: