
Volkswagen- ի բաժնետոմսերն աճում են կոնցեռնի ղեկավարի հրաժարական ներկայացնելու ֆոնին

Գերմանական Volkswagen ավտոկոնցեռնի բաժնետոմսերն աճել են 4,6%-ով Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի բացման ժամանակ ան բանից հետո, երբ կոնցեռնի ղեկավարը հայտարարեց իր հեռանալու մասին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բաժնետոմսերի գինը բացման ժամանակ կազմել է 116,6 եվրո: Ավտոկոնցեռնի բաժնետոմսերը աճում են երկրորդ օրն անընդմեջ: Նախօրեին դրանք աճել էին 4%-ով, ինչը փորձագետները բացատրում են բաժնետոմսերի նկատմամբ պահանջարկով՝ շաբաթվա սկզբին դրանց 20-տոկոսանոց անկումից հետո:
Հիշեցնենք, որ նախօրեին Volkswagen-ի կառավարման խորհրդի նախագահ Մարտին Վինտերկորնը հրաժարական է ներկայացրել:
«Volkswagen-ը կարիք ունի նոր կադրերի: Ես ազատում եմ տեղս ու հրաժարական եմ ներկայացնում, որպեսզի տեղ բացեմ նոր մարդկանց համար»,- հայտարարել էր Վինտերկորնը:
Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:
Ինչպես Volkswagen-ի ավտոմեքենաների, այնպես էլ կոնցեռնի մուս ստորաբաժանումների մեքենաների վրա, ինչպիսիք են, օրինակ՝ Audi-ն, Skoda-ն, Seat-ը կամ Porsche-ն, տեղադրվել են սարքեր, որոնք ստուգման ժամանակ նվազեցրած են ցույց տվել մթնոլորտն աղտոտող գազերի արտանետման իրական ծավալները:
Որոշ տվյալների համաձայն՝ դիզելային մոդելների սխալ տվյալները կարող են առնչվել 11 մլն ավտոմեքենայի: