Բաժիններ՝

Դովեղում վերականգնել են ադրբեջանական կրակահերթից վնասված գազատարը

Դովեղ գյուղի` ադրբեջանական կրակահերթից վնասված գազատարը վերականգնվել է:

Այդ մասին հայտնեցին Դովեղի գյուղապետարանից, մի քանի ընտանիք գազատարի մի հատվածի վնասման հետևանքով զրկվել էր գազամատակարարումից, սակայն վերականգնումից հետո բնակիչները կրկին ապահովված են գազով:

Աշնան առաջին իսկ օրերից ադրբեջանական կողմը կրկին ակտիվացրել է կրակոցները սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ պարբերական բնույթ ստացած կրակոցները հնչում են տարբեր տրամաչափի զինատեսակներից` անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը:

Բերդավանի գյուղապետն էլ հայտնեց, որ այսօր հանգիստ է, կյանքը բնականոն հունով ընթանում է:

«Այս իրավիճակը վաղուց արդեն մեզ մեր բնական վիճակից չի հանում»,-ասաց համայնքի ղեկավար Արարատ Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 23-ին գյուղում պայթած ականի հետևանքով բնակիչներից մեկին պատճառվել է նյութական վնաս: «Տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվում, հրետանակոծվում են սահմանամերձ բնակավայրերը: Երեկ բնակարանի տանիքի հատվածում է պայթել ականը, տանիքի մի որոշակի հատվածն է վնասել, պատուհանները»,-հայտնեց գյուղապետը:

Սեպտեմբերի 23-ին կրակահերթերի տակ է եղել նաև Բարեկամավանը, իսկ սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, սահմանամերձ Բաղանիսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս