
Ստուգումներ՝ Լոռու մարզի մանկապարտեզներում

asparez.am-ը գրում է. 2015թ-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի կողմից ստուգումներ են անցկացվել պատահականորեն ընտրված Լոռու մարզի թվով 29 մանկապարտեզներում: Սա վերջին չորս տարիների կտրվածքով մանկապարտեզների առաջին ստուգումն է:
Կենտրոնի պետ Կամո Սողոյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզներում ստուգումներ անցկացնելուն նպաստել է նաեւ հանրապետության տարբեր մարզերի մանկապարտեզներում երեխաների մոտ գրանցված թունավորման ու աղիքային ինֆեկցիաների դեպքերը:
Ստուգումներ են անցկացվել ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական մանկապարտեզներում. Տաշիրում, Ալավերդիում, Ստեփանավանում, Սպիտակում, Վանաձորում, Ագարակում, Դեբեդում, Լեռնապատում, Վարդաբլուրում, Ձորագյուղում, Ամրակիցում, Բազումում, Այրումում, Թեղուտում, Դարպասում, Եղեգնուտում, Հոբարձիում, Կուրթանում, Մեծավանում, Լեջանում, Շիրակամուտում:
Ստուգված 29 մանկապարտեզից խախտում չի հայտանաբերվել 4-ում՝ Ալավերդու թիվ 6, Ստեփանավանի թիվ 1, Վանաձորի թիվ 35 եւ 41 մանկապարտեզներում: Ընդհանուր առմամբ Վանաձորում ստուգվել է թվով 4 մանկապարտեզ, խախտումներ են հայտնաբերվել թիվ 3 եւ 8 մանկապարտեզներում:
Մանկապարտեզներում արձանագրել են մի շարք խախտումներ ու թերություններ: Դրանք եղել են տարբեր բնույթի, մասնավորապես, շենքերի ոչ պատշաճ եւ աննորոգ վիճակ, խոհանոցի, սանհանգույցների գույքի ոչ նորոգ ու պատշաճ վիճակ, անհրաժեշտ գույքի ոչ բավարար քանակ: Որոշ մանկապատեզներում բացակայել են ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը, կրծողների ու միջատների դեմ պայքար չի իրականացվել:
Մարզում իրականացված ստուգումների արդյունքում մեկ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացվել: Դա Շիրակամուտի «Արեւիկ» մանկապարտեզի խոհանոցն է, որտեղ սանիտարահիգիենիկ շատ անմխիթար պայմաններ են եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: