
Հնարավո՞ր է առաջիկայում համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում, որոնց հեղինակները ցանկանում են պարզել, թե արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել: Բանն այն է, որ ամեն տոնից առաջ քրեակատարողական հիմնարկներում սկսում են լուրեր շրջանառվել, թե իբր ուր որ է համաներում կհայտարարվի: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից: Վ. Հակոբյանը ի պատասխան՝ ասաց, որ նման բան չկա: «Նախ դա մի օրով չի արվում, համաներման վերաբերյալ որեւէ բան չկա, կարճ ասած՝ նման տեղեկությունները իրականության հետ որեւէ կապ չունեն»,- վստահեցրեց ՀՀ նախագահի խոսնակը: Սերժ Սարգսյանի մամլո խոսնակը հավելեց նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում նման տեղեկություններ մշտապես տարածվում են այն օրերին, երբ ՀՀ-ում ինչ-որ միջոցառում է նախատեսվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: