Ի՞նչ կապ ունի Անի Զախարյանը էքստրասենսի և նրա սպանության մեջ մեղադրվողի հետ. բացառիկ մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը երեկ զանգահարել էր «Հրապարակի» խմբագրություն եւ մի շարք բացահայտումներ արել: Նա արձագանքել է սպանության գործով միակ վկա, «Յանուս» թատրոնի դերասաններից Աննա Միսակյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցին: Մխիթար Մոս-Մուշեղյանը շեշտել է, որ ինքը մարդասպան չէ, այժմ կալանքի տակ է քննությանը չխոչընդոտելու համար:

«Վերջերս իմացա, որ «Յանուս» արտիստական թատրոնի կողմից ղեկավարվող տարվա լավագույն դերասանուհի Աննա Միսակյանը, ով մեզ մոտ երկար տարիներ աշխատում է, եւ ես իրեն վաղուց եմ ճանաչում, խոսել է իմ մասին, ասել, թե ես իրեն վախեցրել եմ, աշխատավարձ չեմ վճարել, գումարելով տարիքային տարբերություններ։ Ուզում եմ, որ այս հիմարությունները դադարեցվեն, ուզում եմ, որ հասարակությունը քաջ գիտակցի, որ ես այսօր ձերբակալված եմ ոչ թե սպանության, այլ քննությանը չխոչընդոտելու համար: Այն, ինչ ասում է Աննա Միսակյանը, ամբողջությամբ սուտ է, որը չի կարող որեւէ կերպ հիմնավորել: Ես կողմ եմ, որ նա հարցազրույցներ տա, որովհետեւ նա այնպիսի բաներ է ասում, որոնք իրականության հետ կապ չունեն, եւ խնդիր է ունենալու դրանք հիմնավորելու հետ կապված»,-մեզ հետ զրույցում ասաց Մխիթար Մոս-Մուշեղյանը: Ինչո՞ւ էին դեպքի օրը Մխիթարը ու Աննան այցելել էքստրասենսին, ի՞նչ հարաբերություններ է ունեցել ինքն Անի Մաջնունյանի հետ եւ ումի՞ց է իմացել սպանության մասին լուրը. այս եւ այլ հարցերի վերաբերյալ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:

– Դեպքի օրն ինչպե՞ս եւ ինչո՞ւ այցելեցիք Անի Մաջնունյանի տուն:

– Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին: Այդ օրը բացառություն չէր, Աննան խնդրեց, որ ինքն էլ գա, ես, իհարկե, հարցրի, թե ինչն է պատճառը, որովհետեւ եթե հյուր եմ գնում, հետս էլ մարդ եմ տանում, պիտի դրա բացատրությունն էլ տամ տանտիրոջը։ Նա էլ ասաց, որ որպես բախտագուշակ, էքստրասենս՝ նայի իր ճակատագիրը։ Ասացի՝ համարը տամ, գնա, թող նայի, ասաց՝ ի վիճակի չեմ վճարելու այդ գումարները, մի խոսքով՝ համոզեց ինձ:

– Իսկ ի՞նչ եղավ այնտեղ:

– Մի քանի ժամ նստել ենք, զրուցել ենք, սրճել ենք, հաստատ 12-ը, 1-ն անց էր, երկար ենք նստել, որովհետեւ Անիին մեկ շաբաթ-10 օր չէի տեսել, առիթ եղավ, որ Աննային Նարեկ կարդաց, ձեռքը նայեց: Դուրս եկանք, ամեն ինչ նորմալ էր: Առավոտյան Անին պետք է զանգեր ինձ, կարեւոր հարց ունեինք քննարկելու, նա մեր ներկայացման համար երաժշտություն է գրում:

– Իսկ հետո ինչպե՞ս իմացաք Անի Մաջնունյանի սպանության մասին:

– Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները:

– Իսկ Դուք Անիին պարտքե՞ր ունեիք:

– Ես Անիին պարտք չէի, մեր ընկերական հարաբերությունները պարտքի շրջանակներից դուրս էին: Ես մեծ աշխատավարձ էի ստանում, գումարային խնդիրներ չունեի, հնարավոր է, պրոյեկտի հետ կապված, 200, 300 հազար դրամ պակասում էր, Անին տար, ես էլ վերադարձնեի, նույնը նաեւ Անիի դեպքում:

– Իսկ մտերմիկ կապ եղե՞լ է ձեր մեջ:

– Կատեգորիկ հրաժարվում եմ այդ հարցին պատասխան տալուց, որովհետեւ Անին մահացած է, ես իրավունք չունեմ մեր երկուսի փոխարեն պատասխան տալ:

– Լավ, այդքան մտերիմ եք եղել, նա թշնամիներ, հակառակորդներ ունե՞ր, ո՞վ կարող էր սպանել Անիին:

– Անին այնքան բարի անձնավորություն է, որ ոչ մեկին վնաս տված չկա, մարդկանց օգնում էր, նույնիսկ եթե գալիս էին, վճարունակ էլ չէին լինում, միեւնույն է, օգնում էր:

– Դուք կտրականապես հերքում եք Ձեր մասնակցությունը սպանությանը, բայց նախաքննական մարմինն ինչ-որ իրեր, ապացույցներ է, չէ՞, գտել, որ դրել է Ձեր մեղադրանքի հիմքում:

– Ես չգիտեմ ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինձ ազատ կարձակեն, որովհետեւ ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետեւ ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում: Ես ոչ Մուշեղ եմ, ոչ Սմբատ եմ, ոչ Մխիթար եմ, ես Մխիթար Մոս-Մուշեղյանն եմ՝ «Յանուս» թատրոնի ղեկավարը:

– Ըստ Ձեզ՝ ինչի՞ պետք է Աննան ստեր: Ինչ-որ մեկին թաքցնելու համա՞ր:

– Իսկ ո՞վ է այդ ինչ-որ մեկը: Չեմ կարող ասել, դա Աննային հարցրեք:

– Նաեւ տեղեկություններ կային Ձեզ մոտ անձի երկվության մասին: Դուք քանի՞ տարեկան եք:

– Ես շատ մեծ եմ, հասցրել եմ մի քանի անգամ ամուսնանալ, բաժանվել եւ երեխաներ ունենալ:

– Նախաքննական մարմինն ասել էր՝ 20-ամյա, ֆեյսբուքյան Ձեր էջում այլ տարիք էր նշված, ո՞րն է ճիշտը:

– Ես կոնկրետ ոչինչ չեմ կարող հայտարարել:

– Տարիքը նախաքննական գաղտնի՞ք է, ինչի՞ չեք ցանկանում ասել:

– Երբ այս ամենը կավարտվի, բոլոր հարցերին կպատասխանեմ: Պարզապես ուզում եմ, որ ժողովուրդը չմոռանա, թե ում մասին է խոսում՝ Մխիթար Մոս-Մուշեղյանի, ով հիմնադրել է «Յանուս» արտիստական եւ «Մոս» պատանեկան թատրոնը»:

Ամբողջական հրպրկումը կարող եք կարդալ Հրապարակ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս