
«Հնարավոր է՝ այս աշնանը Գերմանիան Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունի». ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

«Խոսք չկա, որ 2015 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար, և այս առիթով Գերմանիայում նույնպես թեժ քննարկումներ են եղել, Գերմանիայի նախագահն արտահայտվել է այս առիթով, և իսկապես այն, ինչ մենք հիմա չունենք, Գերմանիայի պառլամենտի որոշումն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիեսլերը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե Գերմանիայի Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումներն ի՞նչ փուլում են, և հնարավո՞ր է արդյոք, որ առաջիկայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունվի Գերմանիայի պառլամենտի կողմից:
Նա ասաց, որ որքանով ինքն է տեղյակ, հնարավոր է՝ այս աշնանը դա լինի.
«Գերմանիայի Բունդեստագում հիմա լսումներ են, բայց չեմ կարող կոնկրետ ասել, թե որ օրն է այդ օրինագիծը քննարկվելու»:
Գերմանիայի դեսպանը տեղեկացրեց, որ հենց այս առավոտյան Սաքսոնիայի մշակույթի նախարարը Երևան է եկել՝ իր պատվիրակությամբ. «Հենց այսօր մենք գնացել ենք Ծիծեռնակաբերդ ու մեր երկուսի համար դա շատ զգացմունքային էր: Նա տեղեկացրեց, որ Սաքսոնիան պատրաստում է պատմության նոր դասագրքեր, որի գլուխներից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը»:
Այնուամենայնիվ, դեսպանը նշեց, որ Թուրքիայի և Հայաստանի մերձեցումը չպետք է կախված լինի օտար երկրների որոշումներից և ճանաչումներից: