«Մարդկանց ջերմ վերաբերմունքը  մեզ համար ամենակարևորն էր այստեղ». Դի-Վի-Վի ինթերնեյշնըլ» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ

«Կարծում եմ, որ թուրք և հայ խմբերի միջև հարաբերությունները շատ լավ ստացվեցին, պատճառներից մեկն այն է, որ, երբ մենք Թուրքիայում հավաքագրում էինք ուսանողներին, հարցազրույցների ժամանակ իրենք արդեն մեզ ասում էին, որ ճանաչում են Ցեղասպանությունը, նաև նախապայման էր, որ հայ-թուրքական հարաբերություններում թուրքական կողմն առաջին քայլն անի ու ասի, որ ճանաչում է Ցեղասպանությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Գործելով միասին» հայ-թուրքական հաշտեցման ծրագրի առաջին փուլի արդյունքների մասին՝ նման տեսակետ հայտնեց «Դի-Վի-Վի ինթերնեյշնըլ» կազմակերպության Թուրքիայի ներկայացուցիչ Այշե Օզլեմը: Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «Դի-Վի-Վի ինթերնեյշնըլ» կազմակերպության կողմից:

Նա նշեց, որ Թուրքիայի կողմից խմբում հիմնականում ներգրավված էին թուրք և քուրդ մասնակիցներ. «Շատ շնորհակալ եմ Հայաստան գալու հնարավորության և շատ ջերմ վերաբերմունքի համար, որովհետև սա մի բան է, որը մեզ ամենաշատը հուզեց: Մարդկանց ջերմ վերաբերմունքն  մեզ համար ամենակարևորն էր այստեղ»:

«Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի ներկայացուցիչ Հայկակ Արշամյանն էլ նշեց, որ վերջին տարիներին Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը ոչ միայն՝ Հայաստանի, այլև՝ տարածաշրջանի նկատմամբ, այդ երկրին հեռացնում է հաշտեցման բոլոր հնարավորություններից.

«Այս պահին Թուրքիան տարածաշրջանում վարում է ոչ միայն չհաշտեցման քաղաքականություն, այլև նույնիսկ բորբոքում է տարածաշրջանում  տարբեր երկրների և ժողովուրդների միջև խմորումներ: Միշտ համոզվում եմ, որ նման ծրագրերի շրջանակներում հայ և թուրք երիտասարդների մեջ այդ կապը հաստատվում է, ու, որքան շատ լինեն նման  ծրագրերը տարբեր մակարդակներում, այնքան հասարակությունների միջև երկխոսությունն առաջ կգնա»:

Տեսանյութեր

Լրահոս