Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել Մարտունու շրջանում
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին մեկնել է Մարտունու շրջան և աշխատանքային շրջայցով եղել մի շարք համայնքներում:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ գործադիր իշխանության ղեկավարը նախ հանդիպել է Մարտունու համար 1 և 2 դպրոցների ուսուցչական կոլեկտիվներին, նրանց հետ քննարկել է կրթական ոլորտին վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսվել է ապագայում երկու դպրոցների միավորման մասին: Այդ կապակցությամբ նա լսել է ուսուցիչների կարծիքներն, առաջարկություներն ու մտահոգությունները և նշել, որ դրանք անպայման հաշվի են առնվելու կառավարության կողմից ընդունվելիք որոշումների ժամանակ: Հանդիպումից հետո վարչապետն այցելել է Մարտունու համար 2 հիմնական դպրոց և ծանոթացել առկա պայմաններին:
Այնուհետև Ա. Հարությունյանն այցելել է շրջկենտրոնում բարեգործական ծրագրով կառուցվող բազմաբնակարան շենքերի թաղամաս, որտեղ կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ: Վարչապետը ծանոթացել է շինարարության ընթացքին, բնակարանների պայմաններին, պատասխանատուների հետ քննարկել է թաղամասի շահագործման հետ կապված մի շարք հարցեր:
Այցի ընթացքում վարչապետը եղել է նաև «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲ ընկերության Մարտունու տեղամասում, որտեղ ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքներին: Ընկերության գործադիր տնօրեն Կառլեն Պետրոսյանը վստահեցրել է, որ խաղողի ընդունման հետ կապված առ այսօր խնդիրներ չեն ծագել, և գործարանն ամեն օր շարունակում է մթերում իրականացնել՝ ինչպես խոշոր, այնպես էլ փոքր մենատնտեսներից: Կ. Պետրոսյանը նշել է, որ կառավարության հետ նախապես ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մինչև տարեվերջ մթերված խաղողի դիմաց կմարվեն բոլոր պարտքերը՝ վճարելով նախ փոքր, ապա և՝ խոշոր մենատնտեսներին:
Արայիկ Հարությունյանն այցելել է շրջանի Գիշի համայնք և եղել «Ճարտար» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվող համալիրի շինհարթակում: Գյուղի նախկին դպրոցական շենքի կապիտալ վերակառուցման արդյունքում Գիշին կունենա արդի չափանիշներին համապատասխան մանկապարտեզ, սպորտդահլիճ և ժամանցի այլ միջոցների համար նախատեսված կահավորված սենյակներ: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքներից և նշել, որ համալիրի շահագործման արդյունքում հիմնավորապես լուծվելու է համայնքի մանուկների դաստիարակության և երիտասարդության ժամանցի խնդիրը:
Վերջում կառավարության ղեկավարը մեկնել է Ճարտար համայնք և ծանոթացել համանուն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին: «Ճարտար» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Վարդապետյանի ուղեկցությամբ՝ Ա. Հարությունյանը եղել է համայնքում կառուցվող եկեղեցու, հանդիսությունների տան, մարզադաշտի, բազմաբնակարան շենքերի և մի շարք այլ նոր շինությունների շինհրապարակներում: «Հայրենիքը շենացնելու վառ օրինակ է «Ճարտար» հիմնադրամի կատարած աշխատանքը, և ես հպարտ եմ, որ ունենք այսպիսի հայրենասեր հայրենակիցներ, ովքեր, ապրելով այլ երկրներում, ոչ միայն չեն մոռանում Արցախը, այլև ակտիվորեն մասնակցում են նրա զարգացման գործին»,- ասել է վարչապետը:
Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, պաշտոնատար այլ անձինք: