
Փախստականները ոչ միայն ծեծում են Եվրոպայի դուռը, նրանք այն տեղահան են անում. Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ներգաղթյալները սպառնում են եվրոպական սահմանների գոյությանը: Նրա խոսքով՝ ներգաղթյալները «տեղահան են անում» Եվրոպայի դուռը, այդ իսկ պատճառով Եվրոպային հարկավոր է միասնական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Չեխիայի, Լեհաստանի, Հունգարիայի ու Սլովակիայի արտգործնախարարները հանդիպել են Պրահայում՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Արևելաեվրոպական այս երկրների ԱԳՆ ղեկավարները դեմ են հանդես գալիս ներգաղթյալների ընդունման քվոտաներին, ինչին ձգտում են հասնել Ֆրանսիան ու Գերմանիան:
ԵՄ որոշ երկրներ հանդես են գալիս Հունգարիայում, Իտալիայում, Հունաստանում գտնվող 120 հազար ներգաղթյալների ավելի հավասարաչափ բաշխման օգտին:
Հունգարիայի վարչապետը, սակայն, անդրդվելի է: «Նրանք մեզ պարզապես երկրի երեսից կջնջեն»,- հայտարարել է նա՝ հանդես գալով երկրի խորհրդարանում:
«Նրանք ոչ միայն ծեծում են դուռը, նրանք այն տեղահան են անում ու բեկորները թափվում են մեր գլխին: Մեր սահմանները վտանգված են: Հունգարիան վտանգված է, ինչպես և ողջ Եվրոպան»,- հավելել է նա:
Մինչ այդ, Հունգարիայի խորհրդարանը հավանության է տվել օրենքին, որը թույլատրում է կառավարությանը բանակն օգտագործել ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը կարգավորելու համար:
Զինծառայողներին թույլատրվում է կիրառել ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ: