Արգելվել է «Արցախ Կաթ»-ի թթվասերի արտադրությունը
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետի հրամանի հիման վրա՝ արգելվել է «Արցախ Կաթ» ՓԲԸ թթվասերի արտադրությունը:
ԼՂՀ ԳՆ ՍԱՊԾ մամլո ծառայության փոխանցմամբ՝ «Արցախ Կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացրած ստուգման ընթացքում, համաձայն՝ ԼՂՀ առողջապահության նախարարության կողմից ստացված գրավոր տեղեկության, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի . կատարած փորձաքննության արդյունքում, «Արցախ կաթ» ՓԲ ընկերության 2015 թվականի սեպտեմբերի 18-ի թթվասերի մեջ հայտնաբերվել է St. Aureus 103 (ոսկեգույն ստաֆիլակոկ), որը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ԼՂՀ կառավարության «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված պահանջներին:
Աղբյուրի հաղորդմամբ, ծառայության պետի որոշմամբ, ոչ միայն արգելվել է «Արցախ Կաթ» ընկերության թթվասերի արտադրությունը, այլ նաև հանձնարարվել է շուկայից հետ կանչել թողարկված վտանգավոր թթվասերը՝ ոչնչացնելու նպատակով։
Բացի այդ, ընկերության տնօրենին մինչ տրվել է վերջնաժամկետ՝ մինչև ընթացիկ սեպտեմբերի 23-ը հայտնաբերված խախտումները վերացնելու և սահմանված կանոնների և նորմերի պահանջների կատարումն ապահովելու և անվտանգ սննդամթերք արտադրելու համար:
Կատարվել է նաև նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: ՍԱՊ ծառայությունը տեղեկացնում է նաև, որ արգելանքը հանելու մասին որոշումը կարող է լինել միայն լաբորատոր փորձաքննության ուղարկված նմուշների հետազոտության արդյունքում՝ սահմանված պահանջների մասով համապատասխանությունը փաստելու դեպքում: