Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկները Ստեփանակերտում կիրականացնեն հիվանդների ընդունելություն
ԼՂՀ առողջապահության նախարարության հատուկ հրավերով Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մասնագետների խումբը, կենտրոնի տնօրեն Արմեն Հովհաննեսի Տանանյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 2-ին և 3-ին ժամը 10:00-ից սկսած Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացնի ԼՂՀ բնակիչների անվճար ընդունելություն, խորհրդատվություն, համապատասխան հետազոտություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատություն:
ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, ակադեմիկոս Հայրապետ Մեսրոպի Գալստյանը, Երևանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, Երևանի գլխավոր ուռուցքաբան Գագիկ Կարապետի Բազիկյանը, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քիմիոթերապևտ Հայկուհի Կարապետի Գյոքչյանը, ինչպես նաև այլ մասնագետներ` մամոլոգ, օնկոգինեկոլոգ, որովայնի օրգանների ուռուցքաբան, սոնոգրաֆիայի բժիշկներ, ռենտգենոլոգ, բջջաբան:
Նշված մասնագետների կողմից հետազոտվելու համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը ժամը 16:00-ն անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսեր` հերթագրման:
Աղբյուրի փոխանցմամբ՝ լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել /047/ 94-55-74 հեռախոսահամարով։