Դուբայի էմիրի որդին սպանվել է Եմենում, այլ ոչ թե մահացել է սրտի կաթվածից. ԶԼՄ-ներ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, շեյխ Ռաշիդ բեն Մուհամմեդ Ալ Մաքթումը՝ Դուբայի առաջնորդ ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ Մուհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթումի ավագ որդին օրեր առաջ մահացել էր սրտային նոպայից 34 տարեկանում:
Սակայն, ինչպես հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը, հղում կատարելով ականատեսներին ու քաջատեղյակ աղբյուրներին, վերջինս մահացել է ոչ թե սրտային նոպայի հետևանքով, այլ սպանվել է Եմենի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով:
«Շեյխ Ռաշիդն ու ԱՄԷ-ի ևս մի քանի զինծառայող սպանվել են Եմենի Մարիբ նահանգում շիական «Անսար Ալլահ» խմբավորման հրետանակոծության հետևանքով»,- նշում է իրանական գործակալությունը:
Այդ տեղեկությունը հաստատում են նաև ականատեսները, ովքեր մասնակցել են Եմենի վերոնշյալ շրջանում մարտական գործողություններին:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը ԱՄԷ-ի կառավարության ղեկավարի ապարատը տեղեկացրեց Դուբայի առաջնորդի որդու մահվան մասին:
Նշվում էր, որ 34-ամյա շեյխ Ռաշիդը մահացել է սրտի նոպայի հետևանքով:
Էմիրությունների իշխանությունները տեղի ունեցածի դետալները չէին հրապարակել:
Հիշեցնենք, որ Դուբայի իշխող ընտանիքի անդամի մահվան պատճառով Դուբայում ու ԱՄԷ-ում եռօրյա սուգ էր հայտարարվել:
«Մենք պատկանում ենք Աստծուն, ու նա է որոշում մեր կյանքը»,- ասվում է կառավարության պաշտոնական հայտարարության մեջ: