Գյուղնախարարը Քաշաթաղում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԼՂՀ շրջաններ կատարվող այցերի շրջանակում գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը նախօրեին եղել է Քաշաթաղի շրջանում:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ Բերձորում շրջանի ղեկավարության, համայնքապետերի և գյուղոլորտում ներգրավված տնտեսվարողների հետ հանդիպման ժամանակ Արամ Մխոյանը ներկայացրել է գյուղատնտեսության բնագավառի զարգացմանն ուղված նախարարության նոր քաղաքականությունը:

Քննարկվել են հարցերի լայն շրջանակ, որոնք հիմնականում վերաբերվում էին ոռոգման, ջրային պաշարների, որակյալ սերմացուի, միջհամայնքային ճանապարհների, հակակարկտային կայանքների ձեռքբերման և բույսերի պաշտպանության խնդիրներին, վարկերի սուբսիդավորմանը, անասնավարկերի և գյուղտեխնիկայի տրամադրման կարգին: Նշվել է, նաև որ անցած ժամանակահատվածում շրջանին սուբսիդավորման կարգով տրամադրվել է 200 տոհմային ցուլիկ, ինչի կապակցությամբ տնտեսվարողներն իրենց շնորհակալությունն են հայտնել. ցեղի բարելավման ուղղությամբ պետության հոգածությունն արդեն իր պտուղներն է տալիս:

Նախարարը նշել է, որ առաջիկայում մեկնարկող՝ խոզաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում շրջանին արտոնյալ պայմաններով կտրամադրվեն մերուններ, գործածության մեջ կդրվի նաև մեղվաբուծության զարգացման ծրագիրը՝ հաշվի առնելով շրջանի ներուժը: Բույսերի պաշտպանության հարցերի քննարկման ժամանակ շեշտվել է, որ վնասատուների դեմ պայքարի համար անպայման անհրաժեշտ է օգտագործել բույսերի պաշտպանության երաշխավորված միջոցներ (ախտահանիչներ, հերբիցիդներ և այլն), որոնք պետք է ձեռք բերել մասնագիտացված խանութներից:

Իսկ բարձր բերքի համար, ի թիվս այլ պայմանների, անհրաժեշտ է նաև խստորեն պահպանել աշխատանքների ագրոժամկետները: Գյուղատնտեսության նախարարը նշել է, նաև որ գյուղոլորտի համակողմանի զարգացումն առանց առաջավոր տեխնոլոգիաների կիրառման անհնար է, ինչի առկայության, սրտացավ ու ճիշտ մոտեցման և առկա ռեսուրսների ռացիոնալ օգտագործման դեպքում արդեն, անխուսափելիորեն, տնտեսական արդյունավետությունը կբարձրանա:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին Արամ Մխոյանը պատասխանել է առաջադրված երկու տասնյակից ավելի հարցերին:

Տեսանյութեր

Լրահոս