«Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ կա ու կմնա». «Ժողովուրդ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե իշխանություններն արդեն որոշել են սահմանադրական հանրաքվեի օրը։

Սահակյանը պնդում է, որ նոր Սահմանադրության նախագծի հետ կապված դեռեւս գործընթսւցներ կան, որոնք փուլ առ փուլ պետք է կատարվեն։ Եվ քանի որ Սահմանադրության փոփոխությունը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը, հենց ինքն էլ որոշելու է, թե երբ է կայանալու հանրաքվեն։

– Ըստ ընդդիմադիրների՝ արդեն իշխանությունների սցենարի մեծ մասն իրագործվել է, բարդ փուլն անցել է, ու այն պահանջը, որ Սահմանադրության փոփոխության համար պետք է լինի քաղաքական կոնսոլիդացիա, կարծես թե եւս կատարվել է։ Չե՞ք կարծում, որ մնացածն արդեն իշխանությունների համար առավել հեշտ է իրագործել։

– Չենք կարող նման բնորոշումներ տալ, չենք կարող ասել, որ բարդ փուլն անցել ենք, բայց մենք տեսնում ենք, որ ժամանակի ընթացքում ամեն ինչն իր տեղն ընկավ։ Այն հայտարարությունները, թե Սահմանադրության փոփոխության համար անհրաժեշտ կոնսոլիդացիան քաղաքական ուժերի միջեւ չի կայանալու եւ այլն, իրականության հետ որեւէ կապ չունեն։

Քննարկումները ծավալվել են, առաջարկությունները ներկայացվել են, հանդիպումները կայացել են, ու բոլորն էլ հասկացել են, որ դա այն հարցն է, որը պետք է բոլորն էլ քննարկեն, եւ իրենց դիրքորոշումը ներկայացնեն։ Այսօր խորհրդարանում չկա մի խմբակցություն, որը չի մասնակցել այդ քննարկումներին։ Իսկ եթե այդ քննարկումները ծավալվել են, քաղաքական դաշտում արդեն այդ հարցի հետ կապված կա ընդհանուր եզրակացություն, տեսակետ, արդեն դա նշանակում է, որ բարեփոխումների անհրաժեշտությունը կա։

–Ընդդիմադիր պատգամավորները վերջին երկու օրերին նշում էին, թե արդեն իսկ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը նպատակ չունի հեռանալ քաղաքականությունից, ու նրա այն հայտարարությունները, թե ինքը չի զբաղեցնելու Աժ նախագահի, վարչապետի կամ երկրի նախագահի պաշտոնները, իրական չեն։ Ուստի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մինչեւ հանրաքվեի ավարտը պետք է «ազատվել» Սերժ Սարգսյանից՝ թույլ չտալով իշխանություններին վերարտադրվել։ Իսկապե՞ս Սերժ Սարգսյանը չի պատրաստվում քաղաքականությունից հեռանալ։

–Ես կարծում եմ, որ սա արհեստական օրակարգ է մտցված, ու ես չեմ հասկանում, թե ընդդիմությունն ինչու է որոշել կրկնել մի բան, որից անգամ իրենք գլուխ չեն հանում։ Ես իմ ելույթում նշել եմ, որ Սերժ Սարգսյանը Արցախի անկախության ակունքներում կանգնած, մեր երկրի, մեր պետության, պետականաշինության ակունքներում կանգնած, մեծ դերակատարում ունեցող մարդ է, նա մեր կուսակցության նախագահն է, Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ կա ու կմնա, այլ խնդիր է, որ մարդիկ փորձում են դրանում ինչ-որ բան տեսնել։ Այո՛, նախագահը նման հայտարարություն արել է ու նշել է նաեւ, որ իր նպատակը բարեփոխումներ իրականացնելն է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս