Արայիկ Հարությունյանը մասնակցել է Վարդաձորի ջրագծի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին այցելել է Ասկերանի շրջանի Վարդաձոր համայնք և մասնակցել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի շահագործման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ինչպես իր խոսքում նշել է ծրագրի ֆինանսավորող շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի նախագահ Ժակ Մարտենը, Արցախում կազմակերպությունն աջակցում է հիմնականում ջրագծերի կառուցմանը, և Վարդաձորն այդ ծրագրում արդեն տասներորդ գյուղն է: «Մեզ հետ նոր պատվիրակներ են ժամանել Արցախ, և, հուսով ենք, որ նրանք ևս մասնակից կդառնան հետագա ծրագրերի իրականացմանը»,- ասել է բարերարը:
Իր հերթին համայնքի ղեկավար Սամվել Սառաջյանը նշել է, որ տասնամյակներ ի վեր գյուղը խմելու ջրի խնդիր է ունեցել: «Այսօր Վարդաձորում կենսական կարևորության հարց է լուծվել, և այդ առթիվ, համայնքի բնակչության անունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել ԼՂՀ կառավարությանը, «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամին, ծրագրի աջակից Ժակ Մաթոսյանին և «SPFA» կազմակերպության պատասխանատուներին»,- ասել է Ս. Սառաջյանը:
Այնուհետև, Վարդաձորի դպրոցականների մասնակցությամբ, տեղի է ունեցել մշակութային միջոցառում: Հանդիսավոր արարողությանը, վարչապետից բացի, մասնակցում էին նաև Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր արտերկրից: