Ո՞ր հիվանդությունների դեպքում քաղաքացին կարող է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալ. ցանկ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպեմբերի 17-ի նիստում ներկայացրել է «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Որոշման համաձայն՝ սահմանվել է այն հիվանդությունների ցանկը, որոնցով հիվանդանալու (վիճակներում գտնվելու) դեպքում կուտակային բաղադրիչի մասնակիցը, ՀՀ առողջապահության նախարարության տված եզրակացության հիման վրա, կարող է դիմել ռեեստրը վարողին՝ կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր:
Ստորև ներկայացնում ենք այդ հիվանդությունների ցանկը.
ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Զարկերակային գերճնշում` բարդացված նյարդային կենտրոնական համակարգի, սրտամկանի, ակնահատակի, երիկամների ախտահարումով, խիստ արտահայտված ֆունկցիաների խանգարումով, դեկոմպենսացված փուլում (Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 871-Ն հրամանով սահմանված` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (այսուհետ` հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ) I10 ծածկագիր):
2. Սրտային անբավարարություն` դիստրոֆիկ փուլում, բարդացված ասցիտով, անասարկայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր):
3. Լյարդի ցիռոզ` IV շրջան, IV աստիճանի դռներակային գերճնշումով, կերակրափողի երակների վարիկոզ լայնացմամբ, ինտոքսիկացիայով, ասցիտով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K74 ծածկագիր):
4. Տուբերկուլյոզի քրոնիկական ընթացող պրոգրիսվող ձևերը` պոլիօրգանական ախտահարումով, հյուծումով (կախեքսիայով), խիստ արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15 ծածկագիր):
5. Երիկամների քրոնիկական հիվանդություններ կամ այլ հիվանդությունների հետևանքով արտահայտված երիկամային ախտահարումներ` բարդացված քրոնիկ երիկամային անբավարարությամբ, տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի կամ փոխպատվաստման անարդյունավետությամբ, հարաճուն ազոտեմիայով և ուրեմիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18 ծածկագիր):
ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Շաքարային դիաբետ` դեկոմպենսացված փուլում, երիկամների ախտահարումով՝ ծանր ձևի դիաբետիկ նեֆրոպաթիա երիկամային անբավարարություն տերմինալ փուլում, ծրագրային հեմոդիալիզի անարդյունավետությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10 ծածկագիր):
ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկ պրոգրիսվող հիվանդություններ` արյան շրջանառության սուր և քրոնիկ խանգարումներով, տետրապլեգիայով, խիստ արտահայտված թուլամտությամբ, կոնքի օրգանների ֆունկցիայի արտահայտված խանգարումներով, պառկելախոցերով, երկրորդային ինտոքսիկացիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G30 ծածկագիր):
2. Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, բուլբար պարալիչով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G35 ծածկագիր):
ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Չարորակ նորագոյացություններ՝ մետաստատիկ քայքայումով, հյուծումով (կախեքսիայով), ամոքիչ (պալիատիվ) օգնությամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00 ծածկագիր):
2. Միելոմային հիվանդություն` տարածուն պաթոլոգիկ կոտրվածքներով, հյուծումով (կախեքսիայով) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C76 ծածկագիր):
3. Արյան չարորակ հիվանդություններ` 4-րդ փուլում, բուժման ոչ ենթակա ձևերով, արյունաստեղծ ֆունկցիայի խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C97 ծածկագիր):