«Դատաստանի օրը Էրդողանի նշանակած դատավորները չէ, որ պիտի ձեզ դատեն». Հայկո Բաղդատ
Թուրքական «Taraf» պարբերականի հայազգի լրագրող Հայկո Բաղդատը՝ «Ինձանից հասնում է զգուշացնելը» վերնագրով իր հոդվածում դիմել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) օգտին քվեարկողներին:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հարցաշար հիշեցնող հոդվածը քննադատում է վերջին շրջանում Թուրքիայում տարածված այն միտումը, որ ընդդիմադիր որևէ դրսևորմամբ հանդես եկող յուրաքանչուրին, լինի նա լրագրող, քաղաքական գործիչ, թե մեկ այլ ոլորտի ներկայացուցիչ, կասկածանք է ներկայացվում ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու կամ աջակցելու մեջ:
Անդրադառնալով տարբեր հայտնի անձանց վերաբերյալ հնչեցված մի շարք անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին՝ Բաղդաթը զգուշացնում է պետության «կեղտոտ քաղաքական խաղերին» աջակցող և իշխանություններին մեղսակից դարձող Թուրքիայի քաղաքացիներին:
Նա հիշեցնում է, որ թեև թուրքական պետությունը խարխլված է և օրենսդրության, իրավունքի տեսանկյունից խոսելն արդեն անիմաստ է դարձել, այնուամենայնիվ, մարդիկ պետք է լսեն իրենց խղճի ձայնը և զգուշանան այսքան մեղքերի բեռով Դատաստանի առաջ կանգնելուց:
««Գյավուր» (անհավատ) լինելով հանդերձ՝ ես ձեզ զգուշացնում եմ. ներում խնդրեք այն մարդկանցից, ովքեր ձեզ երբեք չեն ներելու, քանի դեռ նրանք ձեզ մոտ են: Դատաստանի օրը Էրդողանի նշանակած դատավորները չէ, որ պիտի ձեզ դատեն: Ինձանից հասնում է զգուշացնելը»,- գրում է Բաղդատը: