Բաժիններ՝

Ուկրաինան լայնամասշտաբ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Ռուսաստանի ու այն երկրների դեմ նոր տեսակի պատժամիջոցների սահմանման մասին, որոնք «առնչություն ունեն Ղրիմի բռնակցմանն ու Դոնբասում ագրեսիային», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ի տարբերություն ուկրաինական իշխանությունների նախկին որոշումների, որը սահմանափակում էր առանձին քաղաքացիների, հիմնականում՝ ռուսների մուտքը Ուկրաինա, նոր «սև ցուցակում» գրեթե 400 ֆիզիկական ու ավելի քան 100 իրավաբանական անձ է ներառված:

Դրանք Ռուսաստանի, Ուկրաինայի քաղաքացիներ են, Դոնբասում ինքնահռչակ պետության ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրների ու Իսրայելի քաղաքացիներ:

Նրանց դեմ սահմանված պատժամիջոցները նախատեսում են ակտիվների արգելափակում, նրանց պատկանող գույքի օգտագործման սահմանափակում, Ուկրաինայի սահմաններից դուրս կապիտալի դուրսբերման կանխարգելում, ինչպես նաև այցագրային սահմանափակում:

Ռուս պաշտոնատար անձանց թվում, որոնց անունները հայտնվել են «սև ցուցակում», ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է, Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՍԴ նախագահ Վալերի Զորկինը, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ու ՌԴ Պետդումայի մի շարք պատգամավորներ:
Կիևի պատժամիջոցային ցուցակում ներառվել է 105 ընկերություն, այդ թվում՝ սնանկացած «Տրանսաերո» ավիաընկերությունը, «Աերոֆլոտը»:

Պատժամիջոցները ենթադրում են « Ուկրաինայի տարածքով թռիչքներ իրականացնելու սահմանափակումներ, բեռնափոխադրումների մասնակի կամ լիակատար դադարեցում»:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև մի շարք ռուսական բանկեր: Պատժամիջոցները ենթադրում են նրանց ակտիվների արգելափակում:

Հեռուստաընկերություններից «սև ցուցակում» հայտնվել են ռուսական «Առաջին ալիքը», НТВ-ն, «РТР-Պլանետան», «Ռոսիա-24»-ը, նաև «Կասպերսկու լաբորատորիան»:
Պատժամիջոցների տակ են հայտնվել նաև լրագրողներ, այդ թվում՝ Դմիտրի Կիսելյովը, Վալերի Ֆադեևան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս