Աղջիկը ստել է, թե իրեն առևանգել են, քարե տնակում բռնաբարել. նա հետախուզվում է
Դատարանի որոշմամբ՝ հետախուզում է հայտարարվել 21-ամյա աղջկա նկատմամբ, ով մեղադրվում է սուտ մատնություն կատարելու մեջ:
21-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տանը չգիշերելու հանգամանքն իր ընտանիքի անդամների մոտ արդարացնելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն, մեղադրելով տղամարդուն՝ ծանր հանցագործության կատարման մեջ. ոստիկանության բաժնում նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ քոլեջի մոտակայքից տղամարդն իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել և տարել է Երևան-Սևան մայրուղու հատվածում գտնվող քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ իր հետ ունեցել է սեռական հարաբերություն:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշանակվել են քրեական գործով դատական նիստեր, սակայն, ըստ դատարանի որոշման՝ նշանակված դատական նիստերին ամբաստանյալը, պատշաճ ձևով ծանուցված լինելով, չի ներկայացել և ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին տեղյակ չի պահել դատարանին:
Նրա նկատմամբ կայացվել է բերման ենթարկելու մասին որոշումներ, և ստացվել է գրություն այն մասին, որ ամբաստանյալը շուրջ երկու ամիս բացակայում է բնակության վայրից և ըստ հարևանների հայտարարության նրա գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:
Դատարանը որոշել է բավարարել մեղադրողի միջնորդությունը և ամբաստանյալի նկատմամբ հետախուզում է հայտարարել: Քրեական գործի վարույթը կասեցվել է մինչև ամբաստանյալի հայտնաբերվելը: