Բաժիններ՝

Վրացի ֆերմերները բողոքի ցույցի են դուրս եկել. փակվել էր Կախեթից Թբիլիսի տանող ճանապարհը

Կախեթի հարյուրավոր ֆերմերներ են այսօր հավաքվել Գուրջաանիում՝ շրջանային ադմինիստրացիայի շինության առաջ՝ հուսալով իշխանություններից ստանալ իրենց պահանջի պատասխանը, այն է՝ խաղողի մթերման գնի բարձրացում, հայտնում է Interfax-ը:

Ինչպես հայտնում են վրացական ԶԼՄ-ները, ակցիայի մասնակիցները փակել են գլխավոր ավտոմայրուղին, որը Կախեթին միացնում է Թբիլիսիին՝ հայտարարելով, որ այն չեն բացի այնքան ժամանակ, մինչև կառավարությունը չբավարարի իրենց պահանջները:

Որոշ ժամանակ անց, սակայն, ճանապարհը բացվել է պարեկային հսկողություն իրականացնող ոստիկանների կողմից: Ակցիայի ժամանակ ցուցարարներից մեկը հարվածել է Կախեթի մարզի նախկին նահանգապետին՝ Գեորգի Գվինիաշվիլիին: Երիտասարդին ձերբակալել են:

Այսօր Վրաստանի կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանձնարարել էր իրավապահներին կարգուկանոն հաստատել Կախեթում ու շրջանն ազատել սադրիչներից, ովքեր փորձում են օգտագործել ֆերմերների խնդիրները, որոնք այս տարի լավ բերք են հավաքել ու չեն կարողանում այն իրացնել:

Ֆերմերի հիմնական պահանջը հետևյալն է՝ 1 կգ խաղողի մթերման գին սահմանել 1-1,5 լարին, սակայն իշխանությունները հայտարարում են, որ գները սահմանում է շուկան, իսկ պետական սուբսիդիան ամեն կիլոգրամի դիմաց 0,35 լարի է սպիտակ խաղողի կամ 0,15 լարի՝ կարմիրի համար:
Այս տարի խաղողի բերքը կազմել է մոտ 300 հազար տոննա, ինչը 30%-ով գերազանցում է 2014թ. բերքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս