
Ադրբեջանը պատասխանել է Եվրոպական խորհրդարանին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր մեկնարկել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը: Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի դեմ Եվրոպական խորհրդարանի կայացրած բանաձևն էր:
Ադրբեջանի խորհրդարանը որոշում է կայացրել՝ կապված Եվրոպական խորհրդարանի բանաձևի հետ, հայտնում է Haqqin.az-ը:
Որոշման մեջ նշվում է, որ Ադրբեջանի դեմ կայացրած բանաձևը վկայում է այն մասին, որ Ադրբեջանին վարկաբեկելը ձեռք է բերել չափազանց վիրավորական բնույթ:
Որոշման մեջ նաև նշվում է, որ այն բանից հետո, ինչ Եվրոպական խորհրդարանն սկսել է իր գործունեությունը նոր կազմով (անցած տարվա սեպտեմբեր), վերջինիս ու Ադրբեջանի համագործակցությունը չի կայացել, Եվրախոհրդարանի նախագահը ոչ պաշտոնապես արգելել է պատգամավորներին այցելել Ադրբեջան:
Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է, որ Ադրբեջանին ուղղված պահանջները ոչ մի իրավական հիմք չունեն: