
Ադրբեջանի խորհրդարանը հակաադրբեջանական բանաձևի պատճառով արտահերթ նիստ է հրավիրել

Այսօր սկսվել է Ադրբեջանի խորհրդարանի (Միլի մեջլիս) աշնանային նստաշրջանի արտահերթ լիագումար նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Արտահերթ նիստը բացել է խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը:
Արտահերթ նիստ հրավիրելու պատճառը սեպտեմբերի 10-ին Ադրբեջանի դեմ Եվրոպական խորհրդարանի կայացրած բանաձևն է
Նշենք, որ բանաձևը կոչ է անում հասցեագրված պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր խախտում են մարդու իրավունքները։ Հակաադրբեջանական բանաձևի օգտին քվեարկել է քվեարկությանը մասնակցած 365 եվրախորհրդարանականներից 202-ը։
Բանաձևի նախագծում մատնանշվում է Ադրբեջանում բռնաճնշումների աճը, մասնավորապես կալանավորված իրավապաշտպանների ու լրագրողների նկատմամբ:
Բացի այդ՝ Եվրամիությունը պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը չեղյալ հայտարարել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելու որոշումը ու պարտադրի շարունակել այդ կազմակերպության հետ աշխատանքը:
Բանաձևի 21-րդ հոդվածում կոչ է արվում ԵՄ երկրներին, ինչպես նաև Եվրամիության արտաքին քաղաքականության վարչությանը հրաժարվել դիտորդներ ուղարկել Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակ: