Ադամ Թայսոնը կիսվել է տպավորություններով
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ կրթության և մշակույթի գլխավոր տնօրինության բարձրագույն կրթության արդիականացման և Էրասմուս ծրագրի գծով տնօրեն Ադամ Թայսոնի հետ:
Ողջունելով հյուրերին Ադամ Թայսոնը ևս մեկ անգամ հայտնեց իր տպավորությունները 2015թ. մայիսին Երևանում տեղի ունեցած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովի մասին՝ ընդգծելով կազմակերպչական բարձր մակարդակը և օրակարգում եղած հարցերի շուրջ մասնակիցների արդյունավետ ու ակտիվ քննարկումների ընթացքը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և խոսքերի համար Արմեն Աշտոյանը նշեց, որ Բոլոնիայի գործընթացի եռամյա քարտուղարությունը ստանձնելը մեծ պատասխանատվություն էր ՀՀ համար և այն էապես ազդեց ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների ընթացքի արագացման և որակական նոր մակարդակի բարձրացման վրա:
«Քարտուղարության փոխանցումը Ֆրանսիային ոչ միայն չի դանդաղեցի ՀՀ բարձրագույն կրթության բարեփոխումների և արդիականացման ընթացքը Հայաստանում, այլ ընդհակառակը, նոր թափ կհաղորդի դրան,քանզի մեր պարտավոր ենք կիսելու մեր կուտակած փորձը մեր գործընկերների հետ»,-նշել է Արմեն Աշոտյանը:
Կողմերը քննարկեցին նաև Հայաստանում Էրասմուս ծրագրի ազգային գրասենյակ հիմնելու, ծրագրին Հայաստանի ակտիվ և համակողմանի ներգրավման հետ կապված մի շարք հարցեր: Մեծապես կարևորվեց ազգային գրասենյակի գործունեության մեջ բոլոր շահագրգիռ կողմերի ամբողջական ներգրավումը:
Հանդիպման ընթացքում Ադամ Թայսոնը և Արմեն Աշոտյանը մտքեր փոխանակեցին բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատություննների, բարձրագույն կրթության զարգանման ուղղությունների, առկա մարտահրավերների, հակակոռուպցիոն ծրագրերի ընթացքի և արդյունքների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների վերաբերյալ: