Դերասանուհի Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են չնախատեսված վայրում` մայթի վրա
Խախտել են Թբիլիսիի հայ մշակութային գործիչների պանթեոնի` Խոջիվանքի համալիրի համաչափությունը: Այդ մասին, arevelk.am-ի փոխանցմամբ՝ լուսանկարներով տեղեկացնում է Ալավերդիի Չարենցի անվան դպրոցի պատմության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանը: Խոջիվանքում թաղում են կատարել անմիջապես կենտրոնական այն տեղամասում, ուր թաղված են Սունդուկյանը, Րաֆֆին (կենտրոնում), Թումանյանը: Քանդել են սալահատակը ու հանգուցյալին թաղել չնախատեսված տեղում` մայթի վրա, հողամասից դուրս:
Էդուարդ Շահվերդյանի այն հարցին, թե ո՞վ է հանգուցյալը, Խոջիվանքում պատասխանել են, որ նա եղել է Թբիլիսիի Ադամյանի անվան թատրոնի դերասանուհի եւ կտակում խնդրել է, որ իրեն թաղեն ամուսնու կողքին: Այդ ցանկությունն իրագործողներն էլ, ինչպես նշում է Է. Շահվերդյանը, բառացիորեն են հասկացել, եւ թաղումը կատարել են ամուսնու կողքը, ինչը վնասել է ամբողջ համալիրի տեսքը: «Կարծում եմ սա վրացիների հեչ պետքը չի, «դուք էլ ձեր պանթեոնն էլ», բա լավ, համայնքում չկա՞ր հոգացավ մեկը, որ ասի` ա խալխ, այսպես չեն անում, սա ամենափնթի եւ ամենաանթասիբ ձեւն է»,- ասում է Էդուարդ Շահվերդյանը:
Այս տարվա հունիսին Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդական արտիստուհի Սերիկ Շեկոյանին հուղարկավորել են ամուսնու` խորհրդահայ դերասան Արտեմ Լուսինյանի մոտ, ով 1963 թվականից թաղված է Խոջիվանքում: