Շիրակում երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա. պատճառը ջուրն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքում արձանարգվել էին աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքեր:
Հիվանդության տեղայնացման և դրա առաջացման գործոնների պարզաբանման նպատակով տեղում իրականացվել է օջախների քարտեզագրում: Արդյունքում պարզվել է, որ հիվանդներն օգտվել են համայնքը սպասարկող միևնույն ջրագծից ստացվող ջրից:
Ջրագծի ամբողջական ուսումնասիրման ժամանակ պարզ դարձավ, որ այն սնում է նաև Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ ևս։ Առողջապահության նախարարության մասնագետների խմբերը Արագածոտնի մարզի այդ համայնքներում ևս հայտանբերել են հիվանդներ, ովքեր գանգատվել են ստամոքսաղիքային երևույթներից: Նրանք տարբեր տարիքի են, բոլորի մոտ հիվանդությունն արտահայտված է թեթև ընթացքով:
Տեղում իրականացված ջրի քիմիական, և մանրէաբանական լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրվել են շեղումներ, իսկ հիվանդների մոտ լաբորատոր հաստատվել է շիգելոզ (դիզինտերիա): Թալինի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմուք է հոսպիտալացվել է 17 հիվանդ, որոնց վիճակն այսօր գնահատվում է միջին ծանրության, ունեն լավացման դրական տեղաշարժ:
Նշենք, որ «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության հետ խստացվել է հսկողությունը խմելու ջրի ցանցի նկատմամբ՝ ապահովելով լիարժեք վարակազերծում՝ գերքլորացում:
Իրավիճակի գնահատման և նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել են բակային համայցեր:
Բոլոր հիվանդների տնային օջախներում իրականացվել է ախտահանում՝ կոնտակտ-կենցաղային գործոնով հիվանդության հետագա տարածումը կանխելու համար: Բնակչության շրջանում աղիքային վարակների կանխարգելման հարցերի շուրջ իրականացվել է բժշկահիգիենիկ կրթում:
Համադրելով հիվանդների և խմելու ջրի ցանցի նմուշների լաբորատոր հետազոտությունների, ինչպես նաև համաճարակաբանական վերլուծությունների տվյալները կարելի է եզրակացնել, որ հիվանդության արձանագրման պատճառը ջուրն է:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը թունավորումների բոլոր դեպքերի ժամանակ հիվանդներին տրամադրում է անհրաժեշտ դեղեր և բժշկական նշանակության ապրանքներ: