Առաջին դասարանցիները պլանշտներ կստանան հոկտեմբերի վերջին
Շուրջ երկու տարի առաջ հայտարարվեց, որ Հայաստանի բոլոր առաջին դասարանցիներին բաժանվելու են հայկական «Արմթաբ» պլանշետներ: 168.am-ի հետ զրույցում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս տարի ծրագիրը մեկնարկել է, բայց պլանշետները փոքրիկները կստանան միայն հոկտեմբերի վերջին: «Որոշակի տեխնիկական խնդրներ կան արտադրողի հետ, որովհետև մոդելը փոխվել է, արդիականացվել է: Այն մոդելները, որ 2 տարի առաջ որոշվել էր ներառել ծրագրի մեջ, այլևս չեն արտադրվում, այլ արտադրվում են ավելի ժամանակակիցները: Դրանք պետք է արտադրվեն, անցնեն թեստավորում, պլանշետների մեջ ներդրվեն հայկական և օտարալեզու՝ անգլերեն ու ռուսերեն, կրթական ծրագրեր»,- ասաց Ա.Աշոտյանը:
Ծրագիրը պիլոտային է, առայժմ պլանշետները կբաժանվեն միայն Վայոց Ձորի աշակերտներին, և միայն 4 տարի անց՝ կախված արդյունքներից, կորոշվի մասսայականացնել, թե ոչ: Պիլոտային ծրագրի արժեքը մոտ 1 մլն դոլար է:
Ա.Աշոտյանի խոսքով՝ պետք է փորձարկվի դրանց ազդեցությունը կրթության վրա. «Երբ առաջարկությունը հնչեց, կար նաև քննադատություն: Միջազգային փորձն էլ շատ միանշանակ չէ, հիմնականում դրական է կրթության արդյունավետության հետ կապված, բայց միանշանակ չէ»:
Մեր դիտարկմանը, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վաղուց կիրառում են դյուրակիր համակարգիչներ, նախարարը նշեց, որ խնդիր կա, թե որ տարիքային խմբից պետք է սկսել դա. «Մենք նախատեսում ենք տարրականից, կան երկրներ, որ անում են 5-րդ դասարանից: Մենք կարծում ենք՝ ինչքան շուտ, այնքան լավ, նաև երեխայի մոտ կզարգանան համակարգչային հմտությունները, տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու ունակությունը: Այլ երկրներում այլ ձևով են մտածում, այլ հիմնավորմամբ»: