«Որոշ տեխնիկական խնդիրներ որոշ դպրոցներում կան». Արմեն Աշոտյան
«Կրթական տարվա մեկնարկը համարում եմ բավարար: Մարզային բոլոր այցելությունները և քաղաքային քննարկումները ցույց տվեցին, որ մեր ուսումնական հաստատությունները պատրաստ էին բացել իրենց դռները առաջին դասարանցիների և բոլոր աշակերտների առջև: Որոշ տեխնիկական խնդիրներ որոշ դպրոցներում կան՝ կապված դասագրքերի նախապես պատվիրված թվաքանակի ոչ ճշգրիտ լինելու հետ: Ենթադրենք՝ տնօրենը կանխատեսում էր ավելի քիչ աշակերտ, բայց եկել է ավելի շատ աշակերտ և այս 10 օրերի ընթացքում մենք այդ խնդիրներին արագ լուծում ենք տալիս»,- հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս գնահատում կրթական տարվա մեկնարկը:
Ըստ նրա՝ որոշ ահազանգեր կային կապված նրա հետ, որ որոշ դպրոցներ առաջարկել էին ծնողներին առաջին կամ երկրորդ դասարանից անցնել անգլերեն: Ա.Աշոտյանը նշեց, որ մեր պետական հանրակրթական կարգով ուսումնական ծրագրով օտար լեզուն՝ անգլերենը, մտնում է 3-րդ դասարանից և դա անվճար է, բայց եթե ծնողները ուզում են, որ իրենց երեխաներն անգլերեն սովորեն 1-ին կամ 2-րդ դասարանից, դա պետք է կազմակերպվի դասերից դուրս, քանի որ առարկա չէ, և ծնողական համայնքի համաձյանության դեպքում, վճարովի:
Ի դեպ, ԿԳ նախարարը նշեց, որ այս տարի առաջին դասարանցիների թիվն աճել է, և ոչ թե սիրիահայերի շնորհիվ, այլ հիմնականում ծննդաբերության հաշվին: Առաջին դասարանցիների թիվն, ըստ նրա, կամփոփվի մի քանի օրից: