Ինչո՞ւ են ռուսները ոչնչացրել հայկական թառափը
«Մենք նախանցյալ շաբաթ տեղեկություն ստացանք, որ Սոչիում մաքսային կետում օրենքի չիմացության պատճառով 200 կիլոգրամ հայկական ձկնամթերք է ոչնչացվել, ընդ որում, ճարահատյալ՝ արտահանողը գնացել է այդ քայլին, գրավոր դիմումով դիմել է, որ այդ ձկնամթերքը ոչնչացնեն, որովհետև 2-3 օր մնալով Սոչիի մաքսակետում՝ խախտելով տեխնոլոգիական պայմանները, ձկնամթերքն արդեն դուրս է եկել իր որակական համապատասխան հատկանիշների չափանիշներից ու վնասվել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:
168.am-ի այն դիտարկմանը, որ կան խոսակցություններ, որ դա կապված է նրա հետ, որ Ռուսաստանը պատրաստվում է արգելել, որպեսզի Հայաստան ներկրվի նորվեգական սաղմոնը, ու այս քայլով փորձում է նախազգուշացնել, Ա. Աթոյանը պատասխանեց, որ նման բան չկա.
«Ռուսաստանը պետություն է և ցանկացած միջոցառում, գործընթաց կարող է իրեն թույլ տալ, սակայն մեկը մյուսի հետ խառնելն անիմաստ է և արհեստական, որովհետև, եթե Ռուսաստանը որևէ թելադրանք ունի Հայաստանին ասելու, կամ ստիպելու, որ Հայաստանը գնա այդ քայլին, նա կասի դրան վերաբերող անուղղակի կամ ուղղակի միջոցներով, բայց Սոչիի 200 կիլոգրամ թառափի ոչնչացումը բոլորովին չի առնչվում նորվեգական սաղմոնի հետ՝ ուղղակի կամ անուղղակի ձևով»:
Նա նշեց, որ մեր գյուղատնտեսության նախարարը գրավոր դիմումով դիմել է համապատասխան կառույցներին՝ պատճառները պարզաբանելու համար: Ա. Աթոյանի խոսքով, թառափ տեղափոխող կազմակերպությունը չի եղել ձկնաբուծական տնտեսություն, այլ եղել է վերամշակում կատարող կազմակերպություն, ու նրա համար մեծ վնաս է կազմում 200 կիլոգրամ թառափի ոչնչացումը: