Նալբանդյանի նոր պաշտոնը
«Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին և այլ երկրներին, հավանաբար, դա ևս բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող է, շատ ակտիվ ներկայացված է զենքի շուկայում: Ասել, թե մեզ դուր է գալիս, որ զենքն Ադրբեջանն է ձեռք բերում, իհարկե՝ ոչ, անկասկած՝ ոչ: Բայց դա հավանաբար բիզնեսի, առևտրի հարց է»,- BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին:
Հիշեցնենք, մի քանի օր առաջ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցից հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենքի հերթական խոշոր խմբաքանակն է ստանալու:
Գործարքի մասնրամասները դեռևս չեն հրապարակվում, սակայն մամուլում ու փորձագիտական շրջանակներում նշվում է, որ խոսքը մեծ ծավալի հարձակողական սպառազինության մասին է: Ու դրանից հետո Հայաստանի արտգործնախարարը հերթական անգամ հայտարարում է, որ չնայած դա մեզ դուր չի գալիս, սակայն բիզնեսի հարց է: Այլ կերպ ասած, մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում մեր թշնամուն, ու այդ զենքից հայ զինվորներ են սպանվում ու հայկական բնակավայրեր են գնդակոծվում, սակայն մենք ոչինչ անել չենք կարող, դա Ռուսաստանի բիզնեսն է:
Հետաքրքիր է, իսկ եթե Ռուսաստանի բիզնես շահերը պահանջեն, որ, ասենք, Ադրբեջանն ազատագրված տարածքների դիմաց մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիարդ դոլար վճարի Ռուսաստանին, կամ, ասենք, անդամակցի ԵՏՄ-ին, Նալբանդյանը կրկի՞ն հայտարարելու է, որ դա մեզ դուր չի գալիս, բայց «բնական է», քանի որ առնչվում է բիզնեսին: Որքան էլ ցավալի է հնչում, ստացվում է, որ Ռուսաստանի բիզնես շահերի սպասարկման համար Հայաստանը վճարում է սեփական զինվորների կյանքի գնով, իսկ Հայաստանի արտգործնախարարն ընդամենը քաղաքավարի մտահոգություն է հայտնում:
Ընդհանրապես, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանի արտգործնախարարը ճոխություն է՝ առանց այդ էլ սուղ միջոցներ ունեցող երկրի համար, քանի որ նա մոտավորապես անում է այն, ինչ «Գրիբոյեդով» ակումբի շարքային անդամները՝ կրծքով պաշտպանելով Ռուսաստանի շահերը և, լավագույն դեպքում, զգույշ մտահոգություն հայտնելով: Տևական ժամանակ է՝ Հայաստանի արտաքին քաղաքականությամբ շատ ավելի արդյունավետ կերպով զբաղվում է Պաշտպանության նախարարությունը՝ մի կողմից՝ կատարելով անվտանգության ապահովման իր դերը, մյուս կողմից՝ համեմատաբար հավասարակշռված շփումներ պահպանելով արտաքին քաղաքական կենտրոնների հետ:
Էդվարդ Նալբանդյանը միայն խանգարում է դրան՝ ՀՀ արտգործնախարարի պարտականությունների փոխարեն՝ կարծես, ստանձնած լինելով Կրեմլի ռազմական կցորդի դերը: