Սեպտեմբերի 15-ին կմեկնարկի «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» IV միջազգային գիտաժողովը
2015թ-ի սեպտեմբերի 15-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) իր աշխատանքները կսկսի «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» IV միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 150 գիտնականներ, որոնցից 20-ը Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից և Ուզբեկստանից:
Գիտաժողովի մասնակիցները կներկայացնեն քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների զարգացման նոր ուղղություններ անօրգանական նյութերի սինթեզի, ոչ մետաղական հումքի, մետաղական հանքատեսակների և արտադրական թափոնների համալիր վերամշակման տեխնոլոգիաների բնագավառներում, նանոկոմպոզիտային, գերկարծր, հատուկ մաքրության, ապակեկերպ, ապակեբյուրեղային, կոմպլեքսային միացությունների, ինչպես նաև քիմիական արտադրությունների և շրջապատող միջավայրի էկոլոգիական խնդիրներ:
Գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Գիտաժողովի ընթացքում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մ.Ֆ.Չուրբանովը հանդես կգա «Բարձր մաքրության նյութերի քիմիա» զեկույցով: Կկայանա երիտասարդ գիտնականների հանդիպումը Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:
«Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» IV միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի ֆինանսական աջակցությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի, Հայաստանի քիմիական ասոցիացիայի, ՀՀ ԳԱԱ Մ.Գ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի աջակցությամբ:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն