Միքայել Մելքումյանը պարզաբանում է՝ ինչո՞ւ ԲՀԿ-ն չի մասնակցում «ոչ»-ի շարժմանը. «Չկա այդպիսի հակամարտող լուրջ պայքար, և հայտ ներկայացնող էլ չկա այս պահին»

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր վերահաստատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող «Ո՛չ»-ի շարժմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունում քննարկումները դեռ շարունակվում են, քաղխորհրդի որոշումը կլինի քիչ ավելի ուշ:

«Այն հետաքրքրասերներին և մարդկանց, որոնք կարող են անընդհատ շեշտադրել, թե ինչո՞ւ նախկինում ձեր կարծիքը կարծր էր, հիմա փոխվել է, ուզում եմ պարզաբանել. գիտեք, որ մինչև փետրվար ամիսը կար թեժ պայքար ոչ իշխանական ուժերի և իշխանությունների միջև՝ այն հաշվով, որ բավականին լուրջ հարցադրումներ էին դրված՝ 12 կետեր, և այլն:

Այդ պայքարի տիրույթում, երբ այդ հարցադրումները պետք է գնային հանգուցալուծման, այն երկարատև գործընթացը, որը կոչվում է սահմանադրական բարեփոխումներ, այդ պահին, կարծես, ժամանակավրեպ էր:

Մենք ասում էինք՝ թող այս հանգուցալուծումը վերջանա, մենք չենք մերժի երբեք սահմանադրական բարեփոխումները, որովհետև դա «Բարգավաճ Հայաստանի» ծրագրային դրույթներում կա: Հիմա, երբ այդ քաղաքական հանգուցալուծումը տեղի ունեցավ, մեղմացավ այդ դաշտը, չկա այդպիսի հակամարտող լուրջ պայքար, և հայտ ներկայացնող էլ չկա այս պահին, մենք կարծում ենք՝ եթե պետության քաղաքական օրակարգում կա այդ խնդիրը, մնալ անտարբեր, դիտել և ասել՝ «ոչ-ոչ», կամ՝ «հեռացեք հեռացեք», ակտուլ չէ, արդիական չէ»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը

Նա հիշեցրեց, որ ոչ իշխանական ուժերն ասում էին, որ քաղաքական մենիշխանություն է, և քաղաքական մենաշնորհ կա որոշումների ընդունման մեջ, ու Մ. Մելքումյանը գտնում է, որ այս նոր սահմանադրության դրույթներով առաջին-երեք բարձրագույն պաշտոնյաները՝ վարչապետը, ԱԺ նախագահը և նախագահը, որևէ լիազորություն չունեն:

«Բայց ոչ ոք չի ասում, որ սա կատարյալ փաստաթուղթ է՝ խնդիրներ կային ընտրիչների ինստիտուտի, կայուն մեծամասնության, քննիչ հանձնաժողովների ձևավորման կարգի հետ կապված, և այլն: Բազմաթիվ հարցադրումներ ենք մենք արել, ու սպասում ենք՝ ինչպիսին կլինի այդ հարցադրումների պատասխանը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ անձերի պայքարից Հայաստանն անցնելու է քաղաքական ուժերի պայքարի:

168.am-ի հարցին՝ Ձեր պատկերացմամբ՝ որքանո՞վ արդյունավետ կգործի խորհրդարանական կառավարման մոդելը մեր երկրում՝ հաշվի առնելով, որ սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսները հիմնականում նշում են, որ մեր երկրի համար այնքան էլ ճիշտ չէ խորհրդարանական մոդելին անցնելը, քանի որ կուսակցական համակարգը կայացած չէ՝ ինչի ապացույց են բերում փետրվարից հետո ԲՀԿ-ի հետ տեղի ունեցածը, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Իհարկե, կուսակցական համակարգը կայացած չէ:

Սա արհեստական չի կարելի անել, կյանքն է բերելու դրան: Կարծում եմ՝ ի վերջո մենք գնալու ենք երկկուսակցական կամ եռակուսակցական բլոկների, կամ իշխանական, ոչ իշխանական, որտեղ ամեն մեկի մեջ կլինի մի երկու-երեք կուսակցություն: Ձեր ասածը ձիու և սայլի պատմությունն է՝ որի միջոցով զարգացնենք քաղաքական համակարգերը: Քաղաքական համակարգերի համար եթե համարժեք պայմաններ լինեին, արդեն զարգացած կլինեին»:

Մ. Մելքումյանը գտնում է՝ խորհրդարանական համակարգին անցնելն ինչ-որ չափով կնպաստի կուսակցական համակարգի կայացմանը Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս