Գեղամ Ղարիբջանյանի նվերը Արփինե Հովհաննիսյանին

Օրերս լրատվական կայքերից մեկը հաղորդեց, որ արաբական թերթերից մեկը՝ Ադդիարը (Addiyar), ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին ներկայացրել է՝ որպես աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի:

Եվ այսպես, փաստորեն արաբական առաջատար թերթերից մեկը բան ու գործը թողել և անդրադարձել է Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նշանակմանը: Այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցող որևէ իրադարձություն, նույնիսկ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, երբևէ չհետաքրքրեցին արաբական լրատվամիջոցներին:

Նույնիսկ «System of a Down»-ի՝ Հայաստանի Հանրապետության հրապարակում ունեցած աննախադեպ համերգն ու Քիմ Քարդաշյանի ու աշխարհահռչակ ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Ուեսթի այցերը չհետաքրքրեցին արաբական առաջատար լրատվամիջոցներին, այն դեպքում, երբ ողջ աշխարհն այդ օրերին հետևում էր Հայաստանում ՝ իրենց ռոք, ռեփ և շոու-բիզնեսի ամենհեղինակավոր աստղերի ամենօրյա շարժին:

Փաստորեն, Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) Հայաստանից ամենահետաքրքրող իրադարձությունը Արփինե Հովհաննիսյանի նշանակումն էր, որևէ իրադարձություն, դեպք, որևէ ձեռքբերում որևէ ոլորտում մինչ օրս արաբական առաջատար լրատվամիջոցներին չի հետաքրքրել:

Հայաստանը Արաբական Միացյալ Էմիրությունների համար նշանավորվեց Արփինեի նշանակումով:

Ավելին, այդ լրատվամիջոցը ոչ միայն անդրադարձել է, այլև նորանշանակ «նախարարուհուն» անվանել է աշխարհի ամենագեղեցիկ նախարարուհի: Ավելին, պարբերականն իր ընթերցողներին մանրամասներ է ներկայացրել հայ կին նախարարի կենսագրությունից, աշխատանքային գործունեությունից, տպագրել է լուսանկարներ: Շուտով, երևի, արաբական այդ պարբերականը Արփինե Հովհաննիսյանին ներկայացնի «Miss United Arab Emirates 2015/16» մրցույթին:

Իրականում, Ադդիար (Addiyar) պարբերականի այս լուր-հրապարակումը, որը լայնորեն տարածվեց այս օրերին հայաստանյան ինտերնետային ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում, Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանի նվերն էր իր կոլեգային, որի հետ սերտորեն (մուտիլովկաներ անելու մակարդակով, իհարկե) աշխատել էին Ազգային ժողովում, երբ դեսպանն ԱԺ աշխատակազմի ղեկավարն էր:

Ուրեմն, կեցցե՛ Գեղամ Ղարիբջանյանը: Իսկական տղամարդու նվեր: Պարզապես, լավ կլինի՝ Ղարիբջանյանը դեսպանի աթոռը չօգտագործի նման էժանագին նվերների համար: Սիրուն չի, որ Հայաստանն արաբական առաջատար լրատվամիջոցի Headline-երում միայն այդ պատրվակով է հայտնվում: Ավելի լավ էր, փոխարենը, օրինակ, արաբական մի օծանելիք նվիրեր և շնորհավորեր իր սիրելի նախարարուհուն՝ նշանակվելու կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս