ԱՄՆ-ը ճանաչում է Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի առաջիկա ընտրությունները
Ամերիկայի Միացյալ Նահանգները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն չի ճանաչի Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին անցկացվելիք տեղական ընտրությունները: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Կիրբին:
«Հակամարտության բազմակողմանի կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք սեփական ապագան որոշելու գործում Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը, սակայն Միացյալ Նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն: Եվ մենք չենք ճանաչի սեպտեմբերի 13-ի այսպես կոչված ընտրությունների ազդեցությունը շրջանի իրավական կարգավիճակի վրա», – ասել է Կիրբին:
Նրա խոսքով՝ այդ ընտրությունները որևէ կերպ չեն կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների արդյունքները:
Ավելի վաղ տարածած մամլո հաղորդագրության մեջ Պետքարտուղարությունը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ բռնությունից:
Միացյալ Նահանգները դատապարտում է քաղաքացիական անձանց դեմ ուղղված ցանկացած ռազմական գործողություն և կոչ անում անմիջապես դադարեցնել բռնությունները:
Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հարցադրում էր ուղղել այն մասին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն ունե՞ն իրենց խիզախ Լինքոլնը, ով պատրաստ է բերել խաղաղություն ու հաշտություն:
«Աբրահամ Լինքոլնը պատերազմից հետո մեզ խաղաղություն բերեց՝ վեր բարձրանալով քաղաքականությունից ու նոր գլուխ բացելով մեր պատմության մեջ: Հայաստանն ու Ադրբեջանն արդյոք ունե՞ն իրենց խիզախ Աբրահամ Լինքոլնը, ով պատրաստ է բերել խաղաղություն ու հաշտություն: Պատրա՞ստ են արդյոք տարածաշրջանի երկրները ապրել կողք կողքի խաղաղ, անվտանգ ու բարգավաճ»,- գրել է ամերիկացի դիվանագետը:
Տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայանի»: