Ամենաերիտասարդ նախարարների յոթնյակը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթ գրում է. «Օրերս նշանակված արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ամենաերիտասարդն է բոլոր եղածների մեջ: Նրա 32-ը դեռեւս չի լրացել, իսկ նա արդեն ղեկավարում է պետության համար ամենառանցքային նախարարություններից մեկը: Արփինե Հովհաննիսյանի հետ առաջին հորիզոնականները կիսում են բավականին լուրջ գործիչներ:
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը ծնվել է 1958թ., 32 տարեկանում արդեն նշանակվել է էկոնոմիկայի նախարար:
32 տարեկանում նախարար է նշանակվել Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս ծնվել է 1959թ., իսկ արդեն 1991-1992թթ. նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: Այսօր նա առաջնորդում է «Ժառանգություն» կուսակցությունը, որը ներկայացված է Ազգային ժողովում:
Երիտասարդ տարիքում նախարար է նշանակվել նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա եւս 32 տարեկան է եղել, երբ նշանակվել է պաշտպանության նախարար: Խոսքը սպարապետի՝ առաջին անգամ նախարար եղած ժամանակաշրջանի մասին է: 1959թ. ծնված Վագզեն Սարգսյանը 1991-1992թթ. եղել է պաշտպանության նախարար:
Արմեն Դարբինյանը նույնպես արդեն 32 տարեկանում նախարար է նշանակվել: Վերջինս ծնվել է 1965թ.-ին, եւ 1997-1998թթ. զբաղեցրել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: 2001թ.-ից մինչեւ օրս Դարբինյանը Հայ-ռուսական համալսարանի ռեկտորն է:
Նրան հաջորդում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ծնված 1975թ.: Նա էլ 2009թ. է նշանակվել նախարար: Նշանակումից շուրջ 2 ամիս անց Աշոտյանը դարձավ 34 տարեկան:
34 տարեկան հասակում բավականին պատասխանատու պաշտոն է ստանձնել այսօր արդեն գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Վերջինս ծնվել է 1977թ., եւ արդեն 2011թ. նշանակվել է զինվորական դատախազ:
Նախարարների հիթ շքերթի վերջին՝ 5-րդ հորիզոնականը զբաղեցնում է Դավիթ Հարությունյանը, որը 35 տարեկանում նշանակվել է արդարադատության նախարար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: