UWC Dilijan College-ի նախագիծն արժանացել է «FIABCI Prix d’Excellence»-ի մրցանակի՝ «Հանրային սեկտոր» անվանակարգում

UWC Dilijan College –ի նախագիծը եւս մեկ մրցանակի է արժանացել՝ հաղթող ճանաչվելով դեվելոփերական նախագծերի «FIABCI Prix d’Excellence» միջազգային մրցույթի ռուսաստանյան փուլում՝ «Հանրային սեկտոր» անվանակարգում: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է եղել ոլորտը ներկայացնող ավելի քան 40 փորձագետ, որոնք 67 նախագիծ են գնահատել:

«Հանրային սեկտոր» անվանակարգում գնահատվել են հանրային նշանակության կառույցներ՝ օդանավակայաններ, կրթական, առողջապահական հաստատություններ, մարզադաշտեր եւ այլն: Այս հաղթանակը, ըստ փորձագետների, հաստատում է զարգացած ենթակառուցվածքներով կրթական համալիրների կառուցման կարեւորությունը, որոնք անհրաժեշտ պայմաններ են ստեղծում երեխաների ուսումնառության համար:

UWC Dilijan College-ի նախագծի՝ ռուսաստանյան փուլում հաղթանակը հնարավորություն է ընձեռում մասնակցել FIABCI Prix d’Exellence Awards միջազգային մրցույթին, որի հաղթողների մասին կհայտարարվի 2016 թվականի մայիսին, Պանամայում:

2015թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) եւ IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում: Այն նաեւ ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:

UWC Dilijan College-ի շենքի նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն է (Հայաստան), գլխավոր ճարտարապետը՝ «Tim Flynn Architects» -ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն եւ գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան): Շենքը կառուցելիս ժամանակակից տեխնոլոգիաներ եւ նյութեր են կիրառվել:

UWC Dilijan College-ը բարերարներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնաբենդի ու նրանց գործընկերների՝ մասնավոր անձանց եւ կազմակերպությունների համատեղ նախագիծն է, որն իրականացրել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը:

UWC Դիլիջան քոլեջը «Աշխարհի միացյալ քոլեջներ» ցանցի (United World Colleges -UWC) լիիրավ անդամ է եւ ունի IB Diploma ծրագրով դասավանդելու Միջազգային բակալավրիատի կազմակերպության հավատարմագիր:

International Real Estate Federation –ը (FIABCI) 1948 թ. հիմնադրված միջազգային ընկերակցություն է, գործում է աշխարհի ավելի քան 60 երկրում՝ միավորելով անշարժ գույքի ոլորտի շուրջ 120 ազգային մասնագիտական ասոցիացիայի:

FIABCI Prix d’Excellence-ի մրցույթն ամենամյա է, անցկացվում է 1992 թվականից՝ Անշարժ գույքի պրոֆեսիոնալ շուկայի համաշխարհային ֆեդերացիայի (FIABCI) հովանու ներքո եւ The Wall Street Journal-ի աջակցությամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս