Թեժ բանավեճ՝ ուսանողների և երիտասարդների օր որոշելու հարցի շուրջ

ՀՀ կառավարությունն առաջարկում է ուսանողների և երիտասարդների օր նշել մայիսի 16-ը: Այսօր ԱԺ-ում Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

Ներկայումս Հայաստանում ուսանողության օր նշվում է նոյեմբերի 17-ին, քանի որ դա ներառված է ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում, սակայն նախագծի հեղինակները նշում են, որ միջազգային օրերի և տոների ցանկը մեծ է (միայն ՄԱԿ-ի տոնական օրերի ցանկում տոնական օրերի թիվը հասնում է շուրջ 116-ի), և թեպետ մի շարք միջազգային տոնական օրեր ներառված են «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում, սակայն դրանք ավանդաբար են նշվել ՀՀ-ում: Ըստ նրանց՝ ՀՀ-ում ուսանողների և երիտասարդների օր սահմանելը պետք է դիտարկել ազգային կրթական համակարգի պատմության համատեքստում:

ԲՀԿ խմբակցության Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ դեռևս 2013թ. ԲՀԿ-ն առաջարկել է ուսանողի օր հայտարարել նոյեմբերի 17-ը: Ըստ նրա՝ իրենք հարցումներ են արել ուսանողների շրջանում, հանդիպում են ունեցել Վեհափառի հետ, և պետք է մեր ազգային ակունքներից դուրս եկած օր ֆիքսել: Պատգամավորի խոսքով՝ դա ամբողջ աշխարհում է ընդունված:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ մայիսի 16-ը Մայր բուհի ստեղծման օրն է:

Կարդացեք նաև

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանի խոսքով՝ այս հարցը չպետք է վեճի առարկա դառնա, համալարանի հիմնադրման օրը ամենահարմար օրն է. «Ճիշտ տարբերակը համախմբվելն է կառավարության նախագծի շուրջ»:

Վ.Էնֆիաջյանը դժգոհեց, որ Մայր բուհը միակը չէ որպես այդպիսին, նախկինում հայտնի են Սանահինի և այլ կրթօջախներ:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դժգոհեց, թե չպետք է շեշտը դնել ուսանողների վրա, քանի որ շատ երիտասարդներ կրթության հետ կապ չունեն, և առավել նպատակահարմար է միայն երիտասարդների օր նշել ու իրենք էլ առաջարկում են այն տոնել մայիսի 7-ին, իսկ սեպտեմբերի 1-ը նշել որպես սովորողի օր ու չտարբերակել աշակերտներին և ուսանողներին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարևորեց, որ օրը փոխկապակցված լինի ազգային ակունքի հետ և հոգեբանորեն նման տեսակի ազդակ ուղղեն հանրությանը, որ որքան էլ կրթական համակարգը եվրոպականացվում է, ակունքը հայկական է: Նա նկատեց, որ այլ բուհերի ուսանողների հետ են հանդիպել, ու խանդի տեսարան չի լինի, թե ինչու հենց Մայր բուհի հիմնադրման օրը նշել, քանի որ մյուս բուհերը ծնվել են համալսարանից: Նախարարը կոչ արեց միանալ իրենց առաջարկությանը:

«Սա ոսկե միջինն է, որովհետև ԲՀԿ առաջարկում միայն ուսանողության օրն է, ՕԵԿ առաջարկում՝ միայն երիտասարդության»,- ասաց Ա.Աշոտյանը՝ հիշեցնելով, որ այս առաջարկը առաջին անգամ եղել է կոալիցիոն կառավարության կողմից, որի մեջ էր նաև ՕԵԿ-ը:

Երկարատեև փոխադարձ «հրետակոծությունից», չքաղաքականացնելու կոչերից հետո ի վերջո հանձնաժողովը որոշեց ԱԺ լիագումար նիստ ներկայացնել օրինագծի կառավարության տարբերակը՝ համահեղինակներ նշելով երեք կողմին էլ՝ կառավարություն, ԲՀԿ և ՕԵԿ:

Տեսանյութեր

Լրահոս