Գալուստ Սահակյանը՝ Սերգեյ Աքսյոնովի հնարավոր այցի և նրան ընդունելու մասին. «Նայած՝ ինչ խնդիրներով է գալիս»

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ՝ արդյոք Ղրիմի ղեկավար համարվող Սերգեյ Աքսյոնովը ժամանելո՞ւ է Հայաստան, թե՞ ոչ: Այս այցի մասին տեղեկություն տարածվեց երեկ՝ Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո: Եվ չի բացառվում, որ Աքսյոնովին հենց Պուտինն է գործուղում Հայաստան:

168.am-ի հետ զրույցում Գ.Սահակյանը նշեց, որ այցի մասին կոնկրետ ինֆորմացիա չունի, իսկ ենթադրությունները չի մեկնաբանում. «Չեմ կարծում, որ դա այն հարցն է, որ պարտադիր կարգով պետք է քննարկման ենթարկի, թե ով է գալիս Հայաստան: Այլ բան է, որ որևէ պետության ղեկավար գար, պարզաբանեի, թե ինչու, ոնց, ինչ փոխհարաաբերություններ ունենք»:

Մեր դիտարկմանը, որ Ղրիմի ղեկավարը ևս պատժամիջոցների տակ է և անցանկալի անձ է միջազգային հանրության համար, արդյոք այս այցը նոր սկանդալ չի՞ առաջացնի, Գ.Սահակյանը, պատասխանեց. «Երբ պարզ կլինի գալու պատճառները, մոտեցումները, էն ժամանակ էլ կկարողանանք գնահատականներ տանք: Այսօր մենք չգիտենք՝ արդյոք իրոք գալո՞ւ է:  Նայած՝ ինչ խնդիրներով է գալիս: Եթե ինչ-որ տեղից մարդ է գալիս, գալիս է իր մեկնաբանություններով հանդերձ, ցանկացած, նույնիսկ երկրի ղեկավարներ: Իսկ այդպես ենթադրություններ, թե ով գա, ինչ անի, ցցուն դարձնելու կարիք չկա: Համենայն դեպս տեղեկատվություն չունեմ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս