
ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը քննադատել է Ադրբեջանի կառավարությանը

Մարդու իրավունքների հարցով ՄԱԿի գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնությունները, հայտնում է haqqin.az-ը:
«Անտեսելով իմ կրկնվող կոչերն իշխանություններին՝ Ադրբեջանից շարունակում են տեղեկություններ ստացվել այն չափազանց շատ ճնշումների, հետապնդումների ու լրագրողներին, իրավապաշտպաններին ու ակտիվիստներին պետական մարմինների կողմից վախեցնելու դեպքերի մասին»,- ասվում է ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի հայտարարության մեջ:
Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը կոչ է անում անհապաղ ազատել բոլոր նրանց, ովքեր զրկված են եղել ազատությունից՝ «միայն ազատ կամարտահայտման ու խաղաղ հավաքների իրենց ազատությունից օգտվելու, ինչպես նաև այլ մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»:
Նրա խոսքով՝ հետապնդման վերջին վառ օրինակը լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ կայացված հետապնդումն է:
Անդրադառնալով մի քանի բանտարկյալների առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդագրություններին, ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատել առողջական խնդիրներ ունեցող բանտարկյալներին, որոնք դատապարտվել են «կասկածելի մեղադրանքներով»:
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը լրագրող Խադիջա Իսմայիլովային դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման:
Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր: