Վարկերն ու ավանդներն աճել են
Ըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 89097.8 մլն դրամ, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 17.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.8 տոկոսով:
Այս մասին հայտնում են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից։
Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 10.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 2.3 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 69.9 տոկոսը, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 49.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.9 տոկոսով:
2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից եւ ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 62563.3 մլն դրամ, 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճելով 14.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 9.7 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 70.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 21.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.3 տոկոսը` նպատակային ավանդները: